#Մերժի՛րՍերժին.Վանաձոր

...

Վաղ առավոտից Վանաձորի տարբեր կրթական հաստատությունների շուրջ 200 ուսանողները, որոնց թվում նաև Վանաձորի պետական համալսարանի ուսանողները և հենակետային վարժարանի աշակերտները, “Մերժիր Սերժին” կարգախոսով հավաքվել էին Հայքի հրապարակում՝ փակել քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծի պողոտան: Ուսանողները վանկարկում էին “Սերժիկ լա դենը”, “Սերժիկ հեռացի՛ր”: Բողոքի ինքնաբուխ ակցիային էին միացել նաև անցորդները, ովքեր ևս իրենց անհամաձայնությունն էին հայտնում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Այս քայլով ուսանողներն իրենց սատարումն էին բերել Երևանի և Գյումրու խաղաղ ցուցարարներին: Ուսանողներից ոմանք տեղեկացրին, որ ԲՈւՀ-ից արդեն իսկ զանգահարել են իրենց բնակարաններ, սպառնացել ծնողներին: Ժամեր շարունակ փակ պահելով Տիգրան Մեծի պողոտան՝ այդպիսով նաև քաղաքային տրանսպորտի ճանապարհը, Հայքի հրապարակից ցուցարարները իրազեկման քայլերթով շրջեցին Գրիգոր Լուսավորչի փողոցով, այնտեղից Մյասնիկյանով բարձրացան դեպի Տիգրան Մեծի պողոտա՝ բարձրախոսով տեղեկացնելով, որ վաղը հավաքվելու են ժամը 11:00-ին “Արցախ” պուրակում: Ողջ ցույցի ընթացքում տարածքում էին ոստիկանության ու պետավտոտեսչության մեքենաներ, քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր խոսքում նշել է, որ կողմ է ցանկացած քաղաքացիական ակտիվությանը, որը օրենքի տառին չի հակասում, երիտասարդների ինքնաբուխ հավաքը, սակայն, անլուրջ որակեց: Խաղաղ իրազեկման երթը ավարտվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության մոտ, որտեղ վարչության պետ Արամ Ղազարյանը հորդորել է պահպանել խաղաղ երթի կանոնները և չխախտել այլոց իրավունքները:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *