Մունետիկ

Ամեն մի նոր երիտասարդ սերնդի հետ նորովի է բացվում Պարույր Սևակը. Դավիթ Գյուլզադյան

    Ամեն մի նոր երիտասարդ սերնդի հետ նորովի է բացվում Պարույր Սևակը: Իր ժամանակի համար այն էր, ինչ Շիրազն իր «Գարնանամուտ» բանաստեղծության մեջ ասում է.

    – Ի՜նչ թարմություն,– ասացին, – ի՜նչ թարմություն,–

Ու բացին լուսամուտներն իմ առաջ...

    Պարույր Սևակը` իբրև բանաստեղծ, զորավոր էր ոչ միայն իր մի շարք գործերի անառարկելի դասականությամբ, այլև իրենով սկսած ու տևականորեն ամրակայած մշակութային առողջարար շարժմամբ, հրապարակային գրավոր թե բանավոր բանավեճեր անցկացնելու հաճախ աղմկարար ձիրքով, որի շնորհիվ քանդում էր առկա և հնարավոր մեռածության ամեն մի պատնեշ, մշակութաստեղծ և ազգապահպան մթնոլորտ էր ապահովում, կռիվ էր տալիս հայրենական ամե՛ն ինչի` կորուսյալ հողերի, վտանգված հայերենի, արդար բարքերի, վսեմ գաղափարների, մարդու և մարդկայնության համար` քննադատության թիրախ դարձնելով այդ նվիրական երևույթներն անտեսող բարձրաստիճան պաշտոնյաներին: Հետչարենցյան շրջանում այսօր էլ քիչ թե շատ պահպանված արդարարամիտների և արդարամտության համար պարտական ենք հենց Սևակին և իր սերնդակիցներին: Այսօր էլ շատ ունենք նրա (և նրանց) կարիքը, և եթե աստծո կամոք կարողանանք դուրս պրծնել այս անօրինակ արհավիրքից, վստահ եմ` Սևակի և նրա մի փունջ գրչակիցների ուսուցչությամբ է լինելու, նրանց` մեզ տված անմոռանալի և անպարտակելի դասերի շնորհիվ: Ուրեմն փա՛ռք նրանց, փա՛ռք Պարույր Սևակին ու նրա ծնունդին, որ Մաշտոցից սկիզբ առած ժառանգությունն իրենց որակյալ միջնորդությամբ փոխանցել են մեզ, փա՛ռք Սևակին ու այդ սերնդին, որ դեռ շարունակում են մեզ այնքան զորավոր պահել, որ շնչահատ չենք լինում այսքան նվաստացումներից հետո էլ: Չի կարող կորչել մեր ներսի տաք անկյուններում պահպանված դարերի հոգևոր հարստությունը, և քանի կա այդ հարստությունը, քանի կան մեզ ոտքի վրա պահող խնկելի անուններ, նրանց մեջ` նաև՛ Պարույր Սևակի անունը, չեն կարող մոռացության գետնի տակ պարտակել մեր իղձերը, և գալիք Հայաստանում նորովի և նորոգված հպարտությամբ ենք նշելու դեռ շատ ու շատ արժանավոր հոբելյաններ: Սա ոչ թե սոսկ համոզում է, այլ հենց իրենց` մեծերի՛ պահանջը, և պահանջատերերն են Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Րաֆֆին, Թումանյանը, Իսահակյանը, Տերյանը, Չարենցը և մերօրյա հոբելյարը` Պարույր Սևակը...

                                                    Դավիթ Գյուլզադյան

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *