Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանի 3 հարցերը գլխավոր դատախազին (տեսանյութ)

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց 2017թ. տարեկան զեկույցը։ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան հարց ուղղելով, հիշեցրեց, որ հաց բերող Արթուր Սարգսյանի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ միասին եկել էին իր մոտ` ասելու, որ նա հիվանդ է, պետք է ազատ արձակվեր, որն այդպես էլ չեղավ. «Քրեական գործեր հարուցվեցին. ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել նրա մահվան հետ կապված։

Մեկ տարի առաջ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ զիբիլիքսի հայտնի գործով ցուցակներ ենք ներկայացրել, ոստիկանության ֆաքսը, Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ եւ այլն։ Ի՞նչ եղավ այս դեպքերի հետ կապված։ Ու նաեւ` վերջին շարժման ժամանակ տարբեր անհայտ անձինք մեքենաներ են ջարդել ու բռնություններ են կիրառել։ Ինչպես նաեւ` ԱԺ պատգամավորների ձերբակալությունը ի՞նչ հիմքով է եղել ու ի՞նչ եղավ այն միջնորդությունը, ըստ որի` դուք ցանկանում էիք նրանց անձեռնմխելիությունից զրկել»:

Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ հաց բերողի հարցի հետ կապված ինքը բազմիցս է անդրադարձել. «Արթուր Սարգսյանը կալանքի տակ եղած ժամանակ չի մահացել, այլ հիվանդանոցից դուրս գալուց հետո է մահացել։ Այդ հարցով գործ է հարուցվել, նախաքննությունը դեռ չի ավարտվել։ Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին ներկայացված փաստաթղթերն, ապա դրանց հետ կապված գործ է հարուցվել ու դատարանի որոշմամբ` մի քանի օր առաջ որոշում է հրապարակվել, ըստ որի` խախտում է հայտնաբերվել։

Ինչ վերաբերում է շարժման ժամանակ արձանագրված դեպքերին, մենք հետեւում ենք, որ լինեն վարույթներ ու ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները։ Նաեւ` գործեր են հարուցվել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների փաստով։ Հետեւելու ենք, որ բազմակողմանի քննություն իրականացվի։ Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների ձերբակալման փաստին, ապա նրանք ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար։ Միջնորդություն է ներկայացվել ԱԺ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ միայն, որ նրան անձեռնմխելիությունից զրկեն, սակայն այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ինձ, ու մենք կասեցրեցինք դիմումի ընթացքը»:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց` ասելով. «Հաց բերողն ազատ է արձակվել այն ժամանակ, երբ նրա առողջական վիճակը խիստ ծանը է եղել ու, այո, նա հիվանդանոցում է մահացել Վերջին պահին ազատ եք արձակել, դա դեռ չի նշանակում, որ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու ձեր համակարգից դրա համար։

Զիբիլիքսի հետ կապված` պարոն դատախազ, ես խորհուրդ եմ տալիս կարդալ մեր բողոքը,| ես մեղադրում եմ ձեր գերատեսչությանը, քանի որ ընտրակեղծարարները պատասխանատվության չեն ենթարկվել։ Իսկ ԱԺ պատգամավորների ձերբակալումը եղել է քաղաքական նկատառումներով ու հենց այդ նկատառումներով էլ ազատ եք արձակել, այստեղ չկա իրավական ընթացակարգ։ Ասեք` ո՞վ է ձեզ հրահանգել, ոչ նման պրոցես սկսեք»:

ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ ցանկացած կալանավորի մահվան համար ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխանատվության ենթարկվի. «Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա պատասխանատվության կենթարկվեն։

ԱԺ պատգամավորների ձերբակալման առումով որեւէ քաղաքական նկատառում չի եղել, իսկ միջնորդության չեղարկման հետ կապված, այո, այստեղ կա քաղաքական էլեմենտ։ Անկեղծ ասեմ` ԱԺ քաղաքական մեծամասնության փոխնախագահի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ այդ միջնորդությունը մերժվելու էր»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *