Քաղաքականություն

«Եթե մտահոգ ես, որ ՀՀԿ-ականները վերադառնան, ընտրիր «Լուսավոր Հայաստանին». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այսօր քարոզարշավի շրջանակներում Աբովյանում, Եղվարդում էին: Աբովյանցիների հետ Էդմոն Մարուքյանի զրույցը ծավալվեց հայ-ռուսական հարաբերությունների շուրջ: Էդմոն Մարուքյանի ձևակերպմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները կենացի մակարդակի են: Նորհաճնցիներին Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ինքն այն մարդն է եղել, որ ապրիլյան պատերազմից հետո գրավոր նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին, ՌԴ պետական դումայի նախագահին այն բովանդակությամբ, որ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային իրավունքը: Նա հայտարարեց. «Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որ գնա, դուխով նստի նրանց առաջ ու ասի, եթե ռազմավարական գործընկեր ենք, Ադրբեջանին զենք մի վաճառեք: Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ միայն խոսքով, թղթերի վրա են իբր թե ամենալավը: Եթե այսօրվա մեր իշխանությունը Մոսկվայում բիզնեսներ չունի, չունենա, այդ մարդիկ ինչո՞վ են կաշկանդված: Նախորդ բոլոր իշխանությունները կաշկանդված են եղել նման հարցերով»: Դառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան: Դառնալով ՀՀԿ-ականների կարգախոսին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «ՀՀԿ-ն ասում է, եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին, «Լուսավոր  Հայաստանն» ասում է, եթե մտահոգ ես, որ ՀՀԿ-ականները վերադառնան,  ընտրիր «Լուսավոր Հայաստանին»: Մենք երկրորդ ուժը պիտի լինենք խորհրդարանում: Մեր արած գործով, պրոֆեսիոնալիզմով, կադրային բանկով մենք արժանի ենք լինել երկրորդ ուժը, և դա բխում է  ՀՀ-ի քաղաքական համակարգը առողջացնելու շահից»: Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց՝ դեկտեմբերի 9-ին փակելու ենք անցյալի՝ նախկին իշխանությունների էջը և դա հետագայում հիշելու ենք՝ որպես վատ հուշ: Եղվարդում էլ մի անձ Էդմոն Մարուքյանին դժգոհեց, թե 2002-ից աշխատել է ՌԴ-ում, սակայն ՀՀ-ում իրեն թոշակ չեն տալիս: Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ ՌԴ-ում հարկ ես վճարել, ուզում ես ՀՀ-ից թոշա՞կ ստանալ:

Նյութը՝ «Առավոտ»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *