Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հորդորներից հետո գրիպի դեմ պատվաստվողների թիվն աճել է: Նոյեմբերից սկսած գործընթացը մեծ թափ է առել, և հունվարի 17-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում մոտավորապես 42 000 պատվաստում է իրականացվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական և իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Առողջապահության նախարարությունը պատվաստանյութերը ձեռք է բերել ռիսկի խմբերի համար, որոնք են հղի կանայք, երեխաները, առողջական խնդիրներ ունեցող անձինք, տարեցները, բուժաշխատողները և այլք»,- ասել է նա:
Խոսելով սուր շնչառական վարակների մասին` Սահակյանն ընդգծել է, որ դրանք բազմաթիվ են, բայց պատվաստանյութը պաշտպանում է գրիպի ենթատեսակներից, որոնք կարող են ճակատագրական լինել և անբարեհաջող ելք ունենալ:
Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցին, որը վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի, Սահակյանը հիշեցրել է, որ այն բուժական միջոց է, որը տրամադրվում է այն մարդկանց, որոնք արդեն հիվանդ են, հոսպիտալացվել են և անհրաժեշտ է թեթևացնել նրանց վիճակը:
««Տամիֆլյուն» տրամադրվել է բոլոր ստացիոնար կլինիկաներին, որպեսզի հարկ եղած դեպքում կազմակերպվի հիվանդների բուժական միջամտությունը: Շեշտեմ, որ այն կանխարգելիչ նպատակով չի բաշխվում, անվճար տրվում է ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներին, իսկ ռիսկի խմբերը, որոնց մասին խոսեցի, պատվաստվում են գրիպի դեմ»,- եզրափակել է Գայանե Սահակյանը:
0 Մեկնաբանություն