Հասարակություն

ՀՔԾ-ի պարզաբանումները Ռոբերտ Նազարյանի ձերբակալման վերաբերյալ

Նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին լրատվամիջոցներով տարատեսակ ոչ հավաստի լուրերի տարածումը, կարևորելով հանրության` իրազեկված լինելու իրավունքը, տեղեկացնում ենք, որ 2003-2018 թթ. ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թ. ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 

Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011թ. սեպտեմբերի 16-ին, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր ՀԷԿ-երի համար առավելագույն հզորություն սահմանելու մասին առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշումն, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվել է բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն՝ առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը: 

Այնուհետև, Ռ. Նազարյանը հանձնաժողովի 2011 թ. սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով վերը նշված որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն: Արդյունքում՝ ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ հիշյալ միջակայքում գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: 

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *