Հասարակություն

Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքների բնակարանային խնդիրը

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2018 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

Որոշման նպատակը՝ ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումների ամրագրումն է:  Մասնավորապես, առաջարկվում է այդ միջոցներն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող առնվազն 44 ընտանիքի կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտմանը:

Նախատեսված է շինարարական աշխատանքները կազմակերպել ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ:  Որոշմամբ կարգավորել են  նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաև արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *