COVID19

Այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է.Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Նոր կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակվում է լարվել»,-պարետատան հերթական նիստից հետո հրավիրած բրիֆինգում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է և մենք կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բակերում և ամենուր»:

Վարչապետը վերահաստատել է՝ իրավիճակից միակ ելքը հակահամաճարակային քայլերն են՝ դիմակի կրում, ձեռքերի պարբերաբար ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում:

«Պետք է բացառել առուվաճառքի որևէ գործարք, երբ և՛ վաճառողը, և՛ գնորդը դիմակով չեն»: Փաշինյանը կոչ է արել դադարեցնել կորոնավիրուսի շուրջ տարածվող ապատեղեկատվությունը, անհարկի համարելով դիմակի գնի շուրջ շահարկումները ևս. «Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել և ասել ենք, որ դիմակ կարող են պատրաստել նաև տնային պայմաններում: Որևէ մեկը չի քննարկում, որ  ակնոցը թանկ է դրա համար տեսողության խնդիր ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն, կամ քննարկում չի լինում, որ օճառը թանկ է դրա համար մարդիկ չպիտի լվացվեն»: Վարչապետը հատուկ ընդգծել է, որ դիմակների որակյալ (ճիշտ) կրումը շատ կարևոր է: «Հնարավոր է բախվենք մի խնդրի, երբ վերակենդանացման  բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Հիշե՛ք, որ այդ պակասող տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին կամ անձամբ ձեզ»: Հիշեցվել է, որ վարչական լծակներ  և պատժամիջոցներ են կիրառվում կանոնները խախտողների նկատմամբ: Ոստիկանապետ Արման Սարգսյանն իր հերթին ներկայացրել է խախտումների և տուգանքների վիճակագրությունը: Տեղեկացվել է, որ երեկ և նախորդ օրը Դավիթաշեն  և Նորք Մարաշ վարչական շրջաններում իրականացվել են ստուգայցեր, այսօր նաև Կենտրոն վարչական շրջանում.

«Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում՝ 124-ը:Կասեցվել է 62 տնտեսվարողի գործունեություն»:

Սարգսյանի խոսքով՝ միջմարզային ճանապարհներին տեղադրված անցակետերում մշտադիտարկվում են փոխադրամիջոցները, խախտումների դեպքում՝ ենթարկվում պատասխանատվության:

Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել  է վարչական արձանագրություն,-հայտնել է Սարգսյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է: Ինչ վերաբերում է հիվանդների վիճակին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահին 316 քաղաքացի ծանր, 53 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում են, 17 հիվանդի միացված է թոքերի արհեստական շնչառական սարք: Իրավիճակը կառավարելի պահելու համար մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ մոտակա 1 ամսում կունենանք շուրջ 100 ինտենսիվ թերապիայի մահճակալ, որոնցից 50-ը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, 50-ը՝ «Էրեբունի» հիվանդանոցում: Այս գործընթացում ամեն օր նոր ուժեր են ներգրավվում,-վստահեցրել է Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրել է, որ խնդիր է դրված՝ իրավիճակը վերահսկելի պահել, նորից կարանտինային պայմանների չվերադառնալ: Վերադառնալու կամ չվերադառնալու չափանիշը, նրա պնդմամբ՝ վերակենդանացման բաժանամունքներում տեղերի առկայությունն է, բայց այստեղ ամեն օր իրավիճակը գնալով ծանրանում է.

«Ոչ ոք չի բացառում, որ մենք ստիպաված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, բայց կարող է մինչ այդ խստացման այլ միջոցներ կիրառվեն, մասնավորապես՝ որոշում կայացվի, որ դիմակ կրելն ամենուր պարտադիր է և սրա էֆեկտիվության գործակիցը այն է, որ հեշտ է վերահսկել»:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *