COVID19

Եվրոպան պետք է պատրաստվի երկրորդ ալիքին․ ԵՄ-ում կորոնավիրուսի գլխավոր մասնագետ

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի հեռանկարն ամբողջ Եվրոպայում այլևս հեռվում ուրվագծվող տեսություն չէ, գրում է The Guardian-ը։

«Հիմա հարցն այն է, թե երբ և ինչ ուժգնությամբ կլինի։ Իմ կարծիքով՝ սա է հարցը»,-հայտնել է կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնը։

Բրիտանական պարբերականի հետ կորոնավիրուսի ճգնաժամի մասին անկեղծ զրույցում Ամոնն ասել է․ «Հիմք ընդունելով վիրուսի բնութագրերը, դիտարկելով աշխարհի տարբեր երկրներում բնակչության իմունիտետի մակարդակը, որն այնքան էլ հուսադրող չէ՝ 2-14 տոկոս, այսինքն՝ բնակչության 85-90 տոկոսը կարող է վարակվել, վիրուսը մեզ շատ ավելի մոտ է, քան հունվար և փետրվար ամիսներին։ Չեմ ցանկանում վախ ներշնչել, բայց մենք պետք է իրատես լինենք։ Հիմա հանգստանալու ժամանակը չէ»։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 092 034 է, մահացել է 329 768 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *