COVID19

«Խնդրում ենք հստակեցնել՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում Վանաձորի ինֆեկցիոնում բուժում ստացողներին»: Վանաձորի ավագանու անդամ

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

 Պարետատան նիստին հաջորդող ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ որոշ բժշկական հաստատություններ՝ այդ թվում Վանաձորի Ինֆեկցիոն Հիվանդանոցը, օգոստոսի 1-ից պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին և այլևս չեն սպասարկելու covid-19-ով վարակված հիվանդներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանաձորի վերոնշյալ հիվանդանոցում դեռ իրենց բուժումն են ստանում 3 տասնյակին մոտ հիվանդներ, որոնց մի մասը բավականին տկար է տուն գնալու կամ այլ հաստատություն տեղափոխվելու համար, խնդրում ենք հստակեցնել, թե ինչ ճակատագիր է սպասում նրանց։

Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նախարարի այն խոսքը, որ սա վերջնական որոշում չէ, խնդրում ենք թույլատրել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում վարակակիրների բուժում իրականացնել այնքան ժամանակ, մինչև կունենանք նոր դեպքերի թվի առավելագույն նվազում Լոռու մարզում կամ բացառության կարգով գոնե թույլատրել ներկայումս արդեն իսկ բուժվող հիվանդների բուժումն իրականացնել տեղում` պայմանով, որ այդ բժշկական հաստատությունը նոր հիվանդներ չի ընդունի։

Դիտարկելով համավարակի առաջին իսկ օրվանից վիրուսի հետ պայքարի դուրս եկած բուժանձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, առավել ցանկալի և ընդունելի է լուծման առաջին տարբերակը, քանի որ վերոնշյալ անձինք իրենք գործին լավագույնս են տիրապետում և մարզի հիվանդների սպասարկումը կարող են կազակերպե ամենաբարձր մակարդակով։

Հանդես գալով Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից և ներկայացնելով համայնքի բնակիչների շահերը, ովքեր նախարարի հայտարարությունից հետո անդադար ահանզանգում են, նույնաբովանդակ պաշտոնական գրություն ենք ուղարկում նաև ՀՀ առողջապահության նախարարությանը, սակայն մինչ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի կարճությունը դիտարկելով, խնդրում հարցը քննարկել այս ձևաչափով կամ տեսազանգի միջոցով։

Հարգանքով՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *