COVID19

Նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների տնօրենների և մյուս աշխատողների աշխատավարձերը (տեսանյութ)

Ընդհանրապես վարձատրության համակարգը պետք է լինի համաչափ՝ ըստ տվյալ դիրքն զբաղեցնող անձի պատասխանատվության աստիճանի և պարտականությունների ծավալի։ Դպրոցի տնօրենների և ոչ միայն, աշխատավարձերը կարիք ունեն վերանայման։

Այս մասին  «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախատեսում են նաև  ատեստավորում դպրոցի տնօրենների համար, որպեսզի նրանց աշխատավարձն էլ բարձրանա, ինչպես կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներինը՝ հասնելով 400.000 դրամի։

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալին նաև հիշեցրինք, որ օրենսդրական փոփոխություններից հետո դպրոցի տնօրենները չեն կարող դասավանդել՝հետևաբար նրանց աշխատավարձը մի քանի անգամ ցածր է լինելու ատեստավորված ուսուցչի աշխատավարձից։

«Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններն այդ հնարավորությունները տալիս է»,- ասում է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով Կառավարության ծրագրով նախատեսված դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, և  նշելով, որ այն փորձարկման փուլում է։

Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ դպրոցների տնօրենների և ոչ ուսուցիչ մյուս աշխատակիցների աշխատավարձերի պլանավարման կարգին նախատեսում են անդրադառնալ և այստեղ լինելու են տարբեր գործակիցներ՝ կախված դպրոցներում աշակերտների թվից և այլն։

«Երկրորդ փոփոխությունը պաշտոնի նկարագրերի վերանայումն է, որովհետև պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ ակնկալիք ունենք կոնկրետ հաստիքը զբաղեցնող մարդուց։ Եվ կուզեի նշել, որ տնօրենների ատեստավորման գործընթաց մենք նախատեսել էինք՝ դա օրենքում դրվել է։ Եվ կարծում եմ, որ առաջիկայում, երբ ատեստավորման կարգը կքննարկենք, հնարավորություն կունենանք նման մոտեցումները տեսնելու, թե ինչպես կարող են օգտագործվել»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *