Հայաստան

«Ա1+»-ը եթեր կարող է ունենալ միայն 2020թ.-ին

«Ա1+» հեռուստաընկերությունը կապուղիների մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանա 2020 թվականին, ըստ օրենքով սահմանված դրույթի: Այսօր նշեց  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով մրցույթները և ժամանակացույցը տրվում է օրենքով,  լիցենզիաները տրվում են 10 տարին մեկ, մրցույթը լինում է 10 տարին մեկ: Նախորդը եղել է 2010 թվականին, հաջորդ մրցույթը լինելու է 2020 թվականին  ըստ օրենքի, կարող են մրցույթին մասնակցել  բոլոր ցանկացողները»,- ասաց նա:

 Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային  հանձնաժողովի գրասենյակում այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովի անդրանիկ նիստն էր: Խորհորդը նոր է ձևավորվում։ Նրա անդամներն են  Գյումրու «Ասպարեզ ակումբի» ղեկավար Լևոն Բարսեղյանը, Մշակույթի փոխնախարար Նազենի   Ղարիբյանը, ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը և Համլետ Գասպարյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից:

ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանն ասաց, որ այն մարդիկ են ընտրվել, ովքեր հնարավորինս օբյեկտիվ և փորձառու են իրենց բնագավառներում և իրենց ասածը կասկած չի հարուցի հասարակության մեջ:

 «Բավականին լուրջ առաջադրանք է դրված հանձնաժողովի վրա, որը պետք է ընտրի Հանրային հեռուստաընկերության խորհրդի կազմը: Սա մեծ պատասխանատվություն է»,- ավելացրեց Արմեն Մկրտչյանը:

Խորհուրդն այսօր ընտրեց նաև ՀՌԱՀ-ի նախագահ: Առաջադրվեց Լևոն Բարսեղյանի և Համլետ Գասպարյանի թեկնածությունը: Երեք կողմ ձայնով նախագահ ընտրվեց Համլետ Գասպարյանը: Խորհուրդը ընտրվում է վեց տարով և անդամները աշխատելու են անվճար հիմունքներով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *