Հայաստան

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մ. Գրիգորյանի առանձնատանը

Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ծանրոցների մեջ երեւում են «NAGORNO KARABAKH CRISIS VICTIMS» գրությամբ արկղեր: Ծանրոցների վրա գրված է նաեւ կայքի հասցե՝ «www.gofundme.com/Karabakh»: Այս գրությամբ ծանրոցների պարագաները գնվել են Ապրիլյան պատերազմի օրեին Սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից արված հանգանակությունների միջոցով:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին ամերիկաբնակ Կարեն (Կեւին) Սարգսյանն իր մի քանի ընկերների հետ դրամահավաք է նախաձեռնել՝ զինծառայողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Ըստ www.gofundme.com կայքէջի՝ հավաքվել է 51.000 ԱՄՆ դոլար, որն էլ, Կարեն Սարգսյանի մեկնաբանմամբ, ծախսվել է անհրաժեշտ իրեր գնելու եւ դրանք Արցախ հասցնելու համար:

«Հայկական ժամանակ»-ը չկարողացավ կապ հաստատել Կեւին Սարգսյանի հետ, սակայն ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Գրիգորյանը զրուցել է նրա հետ:

Կեւին Սարգսյանը նամակագրության մեջ ասում է, որ հավաքված գումարը Հայաստան հասել է եւ ծախսվել է անհրաժեշտ ապրանքների վրա: Դրանից հետո իրենք գնացել են Արցախ եւ համոզվել, որ ծանրոցները հասել են Ստեփանակերտի պահեստ: Իսկ թե այնտեղից ուր են գնացել, իրենք չէին կարող իմանալ:

Կեւին Սարգսյանը Սեդա Գրիգորյանին հայտնել է, որ իրենք նաեւ առաջնագիծ են այցելել՝ զինվորներին տեսնելու եւ լրատվամիջոցներին հանդիպելու համար, այնուհետ վերադարձել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մեր զրույցում Սեդա Գրիգորյանը նշում է, որ մինչ ինքը փորձում էր գտնել, թե ովքեր են դրամահավաքի կազմակերպիչները, նրանք փակել են դրամահավաքը ու ջնջել իրենց էջը: Կեւին Սարգսյանը մեկնաբանել է, որ իրեն թվացել է, թե հանգանակության էջը փակել է դեռեւս 2016-ի ապրիլին, իսկ անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո էջն այլեւս չեն օգտագործել, եւ, ըստ Սարգսյանի մեկնաբանության, իրենց՝ Հայաստան այցելությունից հետո այլեւս գումար չեն ստացել: Վերջինս միայն լուրերը եւ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը դիտելուց հետո է ստուգել էջը ու տեսել, որ այն դեռ ակտիվ է, եւ դրա համար էլ ապաակտիվացրել է այն:

Այս մասին հայտնում է http://armtimes.com կայքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *