Հայաստան

Ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը բարելավվում են

ՅՈՒՆԻՍԵՖը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն այսօր հայտնեցին ապագա ուսուցիչների կրթական ծրագրերում տեղի ունեցած մի շարք բարելավումների մասին «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
 
Գիտաժողովն ազդարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռնարկված ՀՊՄՀ և Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանների միջև գործընկերության պաշտոնական ավարտը, ամփոփվեցին իրականացված լայնածավալ աշխատանքի հիմնական արդյունքներն ու թերացումները: Մասնակիցները քննարկեցին ներառական կրթության համակարգի բարեփոխումների հետագա ընթացքն ու տեղական կարիքները:
 
ՀՊՄՀ-ում դասավանդվող երկու բակալավրի և երկու մագիստրոսական ներառական կրթության ծրագրերը վերանայվել են և հարստացվել նորագույն մասնագիտական գրականությամբ՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային պահանջներին:
Ստեղծվել են չորս ուսուցողական մոդուլներ, ինչպես նաև տեսագրվել է վեբինարների շարք, որոնք առցանց հասանելի կլինեն ՀՊՄՀ-ի կայք-էջում:
 
ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված ներառական կրթության լայնածավալ դասագիրք, որն անդրադառնում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների որակյալ կրթության ապահովմանը:
 
«Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն ժամանակին բացահայտել զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով այս պահանջներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց ՀՊՄՀ և Մինեսոտայի համալսարանների միջև համագործակցություն, որի նպատակն էր՝ վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, որպեսզի կարողանանք տրամադրել աշակերտների կարիքներին համախատասխան ուսումնառություն»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
 
2016-2018թթ. ընթացքում կազմակերպվել են երկու ուսուցողական այց ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, որտեղ ՀՀ կրթության ոլորտի բարձր պաշտոնյաներ, ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներ փորձի փոխանակման հնարավորություն, ունեցան, այցելեցին ներառական դպրոցներ, մանկապարտեզներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ և ծառայություններ տրամադրող ռեսուրս կենտրոններ, լսեցին դասախոսություններ:
 
Այդ ընթացքում ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի մասնագետները Երևանում և Վանաձորում մանկավարժական ԲՈՒՀ-երի 80 դասախոսների և 200 ուսուցիչների համար անցկացրել են վերապատրաստական դասընթացներ, քննարկումներ և դասախոսություններ:
 
Գիտաժողովին ելույթ ունեցան ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աֆշան Խանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *