Հայաստան

ԱԺ-ն քննարկում է բնակլիմայական աղետների հետևանքով այգիների, մշակաբույսերի վնասվելու դեպքում հողի հարկից ազատելու հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողերը ազատել հողի հարկից, եթե կարկուտի, աղետի, երաշտի հետևանքով վնասվել է մշակաբույսերի, պտղատու այգիների 50 տոկոսը: ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը մայիսի 31-ի լիագումար նիստում ներկայացրեց խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Առաջարկում ենք Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասը լրացնել 17-րդ կետով: Այն ներառում է հետևյալ բովանդակությունը` գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից»,-ներկայացրեց Էնֆիաջյանը:

Նա հիշեցրեց, որ նման նախաձեռնություն ներկայացրել էին դեռ նախորդ գումարման ԱԺ-ում, սակայն նախկին խորհրդարանական մեծամասնությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:

Փոխնախագահը նաև նշեց, որ Հայաստանում մշակվող հողերի շուրջ 60 տոկոսը անմշակ են մնում տարբեր պատճառներով` այդ թվում նաև իր ներկայացրած հիմնախնդիրների հետ կապված:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *