ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «Ոսկան Երևանցի», «Լույս» և «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր:
Նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման անհրաժեշտություն է առաջացել՝ քննարկելու առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները և արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Արայիկ Հարությունյանը հրատարակչությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել իրենց մոտեցումները՝ դասագրքերի բովանդակության և որակի բարելավման հետ կապված, քանի որ, ըստ նախարարի, հանրության շրջանում առկա է օբյեկտիվ դժգոհություն, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին: Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ դասագրքերի պատվերների ձևավորման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի մրցակցային դաշտ և բացառվի որևէ սուբյեկտիվ մոտեցում:
Հրատարակիչները որոշակի դիտարկումներ են ներկայացրել դասագրքերի վերահրատարակման պարբերականության վերանայման, դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների և մեթոդաբանության, համապատասխան փորձագետների առկայության և այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձևակերպելով օրակարգային խնդիրները:
Նշենք, որ տարրական դասարանների և ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցներով:
0 Մեկնաբանություն