Հայաստան

Եկամտահարկի նվազեցման մասին որոշումը կլինի մոտ օրերս. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտային հարկը, իսկ միկրոբիզնեսի համար սահմանվելու է սիմվոլիկ հարկ:

Հայաստանում եկամտահարկի նվազեցման տարբեր սցենարներ կան, ասաց Դավիթ Անանյանը.

«Սցենարները շատ են, քննարկվում են տարբեր սցենարներ: 8-9 սցենար կա: Այս պահին չէի ցանկանա բացահայտել, որովհետև դրանցից ամեն մեկի տակ կան թվային հաշվարկներ, իսկ այդ հաշվարկները հիմնականում վերաբերվում են նրան, թե կոնկրետ եկամտային հարկի տոկոսադրույքների նվազեցման արդյունքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում, դրանց փոխհատուցում: Կա նաև երկրորդ մաս, թե ինչպիսի գործիքակազմ օրենսդրության մեջ պետք է փոխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ այն գումարները, որոնք ստացողների մոտ կբնորոշվեն որպես տնօրինվող եկամուտ, նաև բյուջետային կորուստ կբնորոշվեն պետական բյուջեի համար: «Ես հիմա չեմ ցանկանա որևէ թիվ հնչեցնել, որովհետև սցենարները բազմաթիվ են, և մենք նաև 2018թ. պետական բյուջեի եկամուտների առումով բավականին մեծ եկամուտներ ենք պլանավորում 2019թ. համար, հետևաբար մենք պետք է լինենք հաշվենկատ»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը:

Հարցին, թե ե՞րբ տեղի կունենա եկամտահարկի նվազեցումը, Անանյանն ասաց, որ որոշումները կլինեն մոտ օրերս: «Սեպտեմբերին արդեն կառավարությունում կունենանք միասնական դիրքորոշում և հանրությանը տեղյակ կպահենք: Այսինքն, մենք փոփոխությունների գնալու ենք այս տարի Ազգային ժողովում»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *