Հայաստան

Հայաստանը 13,4 մլն եվրո վարկ կվերցնի 6 մարզերում կենսական նշանակության ճանապարհները բարեկարգելու համար

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13 մլն 400 հազար եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:

Ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար:

Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝

Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում - նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):

Ծրագրի կառավարում եւ ինստիտուցիոնալ ուժեղացում-համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաեւ ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների եւ երթեւեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում եւ այլն:

Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *