Մենք հայերենի պահպանման ու զարգացման համար տուգանման քաղաքականությունից պետք է անցում կատարենք մեկ այլ տեսակի քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Քաղաքականությունը, որը մենք կիրառելու ենք, լինելու է քարոզչական և կանխարգելիչ: Իրականացնելու ենք հորդորական-քարոզչական աշխատանքներ, ուղիղ կապ ենք հաստատելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի նրանք «յուրահատուկ լեզվական տեսուչների» դեր կատարեն: Օտարագիր անվանումներն ուղղակի պետք է արգելվեն, չարտոնվեն, չգրանցվեն»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Նրա հավաստմամբ՝ եթե 90-ական թվականներին ունեինք հայերեն՝ ռուսերենի գերիշխանությամբ, ապա ներկայումս համատարած հայախոսություն է, օտարալեզու դպրոցներ քիչ ունենք, բայց լեզուն ճիշտ չի մատուցվում: «Լեզվական վերահսկողություն ենք իրականացնելու ԶԼՄ-ների նկատմամբ, դասընթացներ ենք կազմակերպելու, հորդորական նամակներ ենք ուղարկելու և այլն: Տուգանքը միշտ կա, սակայն այդպիսով արդյունքի չենք հասնի»,- ասաց նա:
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ 2002 թվականից մեր երկիրը չի ունեցել պետական, լեզվական քաղաքական ծրագիր: «Շրջանառության մեջ դրվել է մի ծրագիր, բայց չի հաստատվել: Պետք է հայեցակարգ և ծրագիր մշակենք, որովհետև Լեզվի կոմիտեն լեզվի բնագավառի պետական քաղաքականություն ապահովող, իրականացնող պետական մարմինն է: Այդ ծրագիրը պիտի նոր հայացք լինի»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ մենք սիրում ենք օտար բառեր օգտագործել, որովհետև հայերենը լավ չի քարոզվում: «Մենք, հաշվի առնելով 21-րդ դարի նորությունները, նոր դաշտ ենք բացելու հայերենի զարգացման, առաջընթացի ու տարածման համար: Հայերենը պետք է 21-րդ դարի լեզու դառնա»,- նշեց նա:
Դավիթ Գյուրջինյանը հայերենի զարգացման ու պահպանման ճանապարհներից մեկն է համարում էլեկտրոնային բառարանների, ուսուցման ծրագրերի ստեղծումը: «Կոմիտեն դրանք մշակում է, բայց եթե չլինի բուն կատարողը, չենք հասնի մեր ուզած արդյունքին»,-ընդգծեց Լեզվի կոմիտեի նախագահը:
Դավիթ Գյուրջինյանը մտահոգություն հայտնեց նաև շտեմարանների օգտագործման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք և հարցաթերթիկները սպառել են իրենց: «Դրանք կապ չունեն դպրոցական ուսուցման հետ: Պետք է փոխվեն, կամ պետք է ի վերջո հրաժարվենք: Ես այն ժամանակ էլ ու հիմա էլ պնդում եմ, որ հայ շրջանավարտը պետք է գրի ու մտքեր շարադրի»,-եզրափակեց նա:
0 Մեկնաբանություն