ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի առաջնագիծ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջի տեսաուղերձում նշել է, որ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:
«Չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի: Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. «Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, այլ մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է»:
Վարչապետը նշեց, որ Արցախում շատ հետաքրքրիր մարդկանց հետ է հանդիպել` մարտական հերթապահություն իրականացնող մարդկանց , ովքեր առաջնագծում ծովի մակարդակից գրեթե 3 հազար մետր բարձրության վրա հերթապահություն են իրականացնում:
«Զինված ուժերի շարքային պայմանագրային զինվորի հետ ծանոթացա, ով 7 երեխա ուներ և, այդքան երեխա ունենալով, ծովի մակերևույթից մոտ 3 հազար մետր բարձրության վրա իրականացնում է մարտական հերթապահություն: Եվ մի սպայի հետ ծանոթացա, ով վեց երեխա ուներ ու նույնպես իր ծառայությունը իրականացնում էր այդպիսի պայմաններում: Ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև ես համարում եմ, որ նրանք ունեն սեփական հայրենիքին, ապագայի նկատմամբ բացառիկ հավատ և վստահություն: Համոզված եմ նաև, որ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական ուժի և վստահության վրա»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը նաև հավելեց, որ պլանավորել էր մասնակցել «Իմ քայլը» դաշինքի Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպած հավաքին, բայց ստացվեց այնպես, որ եղանակային շատ բարդ պայմաններ էին, և նա չի կարողացել ժամանակին վերադառնալ Երևան:
0 Մեկնաբանություն