Այս պահին կառավարությունում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման շուրջ քննարկումներ են ընթանում շահագրգիռ կողմերի հետ: Այս քննարկմանը մասնակցում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից մասնագետներ, ինչպես նաեւ ՀԷՑ-ից եւ «Գազպրոմից» ներկայացուցիչներ: Մեր տեղեկություններով՝ կառավարությունում մեկ այլ քննարկում էլ կրկին նույն հարցի շուրջ մի քանի ժամից է լինելու: Քննարկումները փակ են, սակայն մեր այս տեղեկությունը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից հաստատեցին: Թե գազի եւ էլեկտրոէներգիայի սակագնի քանի՞ տոկոս իջեցման շուրջ են քննարկումները, մեր այս հարցին ի պատասխան նախարարությունից ասացին, որ այս պահին հնարավոր չէ մանրամասներ ասել. «Քննարկումների արդյունքների մասին առաջիկայում կհայտարարվի»: Ավելի վաղ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրել էր. «Քննարկումները կսկսենք, կհասկանանք՝ ինչ ունենք, ինչ հնարավորություն կա, որից հետո նոր կկարողանանք էդ մասին բարձրաձայնել»: Հիշեցնենք, ինչպես մամուլում է գրվել, նոր կառավարությունը մտադիր է գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկումը չեղարկել, հետեւաբար նաեւ դրա համար սահմանված վճարներ չեն հանձնվի: Կառավարությունը նախատեսում է այդ ծառայությունը դնել ԱԻՆ աշխատակիցների վրա: Հիշեցնենք, որ գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկումն իրականացնում է AEG service ՍՊԸ-ն, որն ըստ մամուլի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին է պատկանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Խեղճ ժողովուրդ. 20 տարում այնքան ես խաբվել ու թալանվել, քամվել ու քայքայվել, որ այլևս լավի ակնկալիքը անիրական է թվում (չնայած 20 օրում այսքան բարձունք է նվաճվել այս քանդված ու ավերված կառույցներում): Դու տոկուն ես ու հայ ես. Շատ արագ ես ոտքի կանգնելու. Հավատա, որ իրոք մենք ենք տերը մեր երկրի.....