«Կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության կարևոր մաս է հենց, քանի որ կոռումպացված տնտեսությունը ստեղծում է բազմաթիվ արգելքներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հաճախ հնչող կարծիքներին, թե կառավարության կողմից կոռուպցիայի դեմ քայքարին զուգընթաց տնտեսական քաղաքականություն չի վարվում։
«Կոռուպցիան չպետք է դիտարկել ինքն իրենով։ Այն պետք է դիտարկել որպես տնտեսական կարևոր լծակ, քանի որ կոռումպացված տնտեսությունը գրավիչ է միայն կոռումպացված անձանց, մոդելների, պաշտոնյաների համար, որոնք կարող են աշխատել նաև այդ միջավայրում, քանի որ գիտեն՝ ում ինչքան տալ։ Բայց դա լավագույն տարբերակը չէ և՛ երկրի վարկանիշը հաշվի առնելով, և՛ տնտեսական այլ բաղադրիչներ։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում և՛ գումարներ են վերադարձվում բյուջե, և՛ հավասար պայմաններ են ստեղծվում տնտեսվարող սուբյեկտների համար։
Այնպես չէ, որ պետք է պեսիմիստորեն վերաբերվել այս ամենին և կոռուպցիան դիտարկել որպես առանձին գործիք։ Կոռուպցիայի դեմ պայքարելով, դաշտը մաքրելով՝ մենք հնարավորություն ենք տալիս, որ օտարերկրյա ներդրողները ոգևորվեն և ավելի երկարաժամկետ ծրագրեր կազմեն երկրում մնալու մասով»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի այս փուլում օտարերկրյա ներդրողների մոտ դեռևս լիարժեք վստահություն չկա Հայաստան գալու և ներդրումներ անելու մասով։ «Նրանք դեռ սպասում են, դաշտն են ուսումնասիրում, և այս փուլում խոսել մեծ ներդրումների մասին՝ դեռ վաղ է»,- նկատեց Մակարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն