Հայաստան

Լրատվամիջոցները սուտ են որակում Քոչարյանի հայտարարությունը, թե մամուլի ազատությունը չի սահմանափակվել

Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները սուտ, իրականությանը չհամապատախանող են բնութագրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երեկ դատարանի դահլիճում հնչեցրած հայտարարությունը, թե 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին հաջորդած արտակարգ դրության ընթացքում մամուլի, ինտերնետի ազատությունը չի սահմանափակվել:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ իրենց կայքը ուղղակի արգելափակվել էր, հեռուստաընկերության աշխատակիցները աշխատում էին ոստիկանության ԱԱԾ ներկայացուցիչների ուղղակի սպառնալիքի ներքո:

«Ռոբերտ Քոչարյանը իր տարերքի մեջ է, ինչպես միշտ ցինիզմը և սուտը շարունակում են աշխատել իր մոտ։ Ես զարմանում եմ, որ ինքը էնքան էդ ձևի մեջ է, որ դատարանում էլ արդեն չի կարողանում ստից հրաժարվել: Դա ակնհայտ սուտ է։ 2008 թվականին, երբ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, միանգամից անջատվեց մեր կայքի դոմեյն հասցեն, ջնջվեց, մենք աշխատում էինք երրորդ կողմի շնորհիվ, արտասահմանյան գործակալության շնորհիվ և, պլյուս, բլոգ էինք բացել, էդ բլոգի միջոցով տարածում էինք մեր նկարահանումները։ Չմոռանանք նաև նշել, որ ահագին նկարահանումների տեսաերիզներն առգրավվեցին էդ օրերին։ Գործը այնտեղ էր հասել, որ մոնտաժի համար մենք տուն էինք վարձել, ստեղից տեղափոխել էինք տեխնիկան և այնտեղ էինք աշխատում, որովհետև ամեն օր ստեղ գալիս էին առգրավելու առումով տեսաերիզները և վախեցնելու լրագրողներին և մեր օպերատորներին, որ չաշխատեն», - նշեց Մեսրոպ Մովսեսյանը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում երեկ, խոսելով 2008-ին սահմանափակումների ենթարկված ԶԼՄ-ների մասին, մասնավորապես, ասաց․ «Հայաստանի Հանրապետության 32 հեռուստաընկերություններից սահմանափակումների են ենթարկվել միայն 9-ը, որոնք տեղակայված են Երևան քաղաքում, մնացածը առանց որևէ խփանման, առանց որևէ սահմանափակումների աշխատել են։ Երևանում նաև մամուլի տեսանկյունից մի քանի տասնյակ թերթեր կան, նաև մարզային, ոչ մեկի գործունեությունը չի սահմանափակվել և չէր կարող սահմանափակվել, քանի որ այդ հրամանագրով նախատեսված չէր որևէ նման սահմանափակում: Որևէ սահմանափակում ինտերնետի նկատմամբ ևս չի եղել»։

«Առավոտ» պարբերականի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր առավոտյան գրել է․ - «2008 թվականի մարտի 2-ին՝ ցերեկը, ինձ զանգահարել էին «Արմինկոյից»՝ մեր այն ժամանակվա պրովայդերից և տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: «Առավոտը» ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարել: Այնպես որ, գոնե այս մասով երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *