Հայաստան

Մարտի մեկի 10 զոհերի հարազատները սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

«Բոլորս ուզում ենք նրան տեսնել, ասել, որ հաղթեցիր, ապրես, եւ մեր երեխաների գործը բացահայտելու ես, վստահ ենք»:

 

 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի ծնողները ցանկանում են   հանդիպել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ.  «Բոլորս ուզում ենք նրան տեսնել, ասել, որ հաղթեցիր, ապրես, եւ մեր երեխաների գործը բացահայտելու ես, վստահ ենք: Նաեւ՝ մի քանի հարց  ունենք նրան տալու. հուշարձանի հարցերն է, որ պետք է հուշակոթող դրվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

 Զոհերի ծնողները լիահույս են՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ մարտի մեկի գործը, թեեւ ոչ միանգամից, բայց լիարժեք բացահայտվելու է. «Եկավ այն պահը, երբ ծնողների երազանքը՝ ապրիլյան հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եթե իշխանություն չլիներ, ապա շարունակելու էին խաբել ծնողներին»,-ասաց Արմեն Ֆարմանյնաի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը:

 «Արդեն մեր իշխանությունն է, այդպես կարելի է ասել, նոր Հայաստան, նոր իշխանություն: Էն քննիչներն արդեն փոխվել են, ԱԱԾ-ն փոխվել է, ՀՔԾ-ն փոխվել է, Աղվան Հովսեփյանը, կարելի է ասել, փախել է, մարտի մեկի գործով մեր ավագ քննիչ Վահագն Հարությունյանը դուրս է եկել»,-նշեց Սարգիս Քլոյանը:

 Մարտի մեկի գործով հետախուզման մեջ է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արդեն հայտարարել է, որ բանակն այդ օրերին մայրաքաղաք է բերվել ներքին անվտանգության համար եւ այդպիսով չի խախտվել Սահմանադրությունը.

 «Թող ինձ ների՝ ղալաթ է արել Սողոմոնյանը: Արտակարգ դրություն Սահմանադրությամբ չկա, կա միայն ռազմական դրություն, էդ դեպքում էլ կարող էին ծայրահեղ դեպքում բերել: Ես իմ աչքով եմ տեսել՝ զինվորները մեքենաների մեջ՝ Մելքի-Ադամյան եւ Տիգրան Մեծ փողոցներում, ժամը 17:30-18:00-ի սահմաններում»,-նկատեց Սարգիս Քլոյանը:

           

Մարտի մեկի զոհերի  հարազատները  սպասում են հատկապես Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը եւ ցանկանում են լսել մեկ հիմնական հարցի պատասխան՝ որպես գերագույն, գլխավոր հրամանատար՝ ինչո՞ւ հրաման տվեց կրակել մարդկանց: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է  ՀՔԾ ներկայանալ հուլիսի 25-ից հետո, երբ վերդառանա Երեւան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *