Նաիրիտ գործարանի աշխատողները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանք պնդում են, որ վեց ամսից ավել է աշխատում են գործարանում և աշխատավարձ չեն ստացել։
«Օրենքը ոնց պահանջում է, էդպես էլ կանենք։ Կառավարությունից հանձնարարական էր տրվել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ դեռևս մայիսի 25-ին, որ յոթօրյա ժամկետում հարցը քննարկվեր։ Նրանք պետք է գային Նաիրիտ՝ մասնագետներով, քննարկեին, ուսումնասիրեին ու պատասխան տային Կառավարությանը։ Պիտի հասկանային, թե ո՞նց են անվտանգության հարցը լուծում, ո՞նց են աշխատավարձների հարցը լուծում։ Բայց չեն եկել, տնօրենի հետ են հեռախոսով խոսել, բայց ոչ մի նորություն»,- ասաց բողոքող նաիրիտցիներից մեկը։
Կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանն ասաց, որ ուրբաթ օրը արտակարգ իրավիճակների նախարարություն ևս մեկ անգամ զգուշացում է ուղարկվել և այսօր նրանք պետք է Կառավարությանը պատասխան տան։
Նաիրիտցիների բողոքը լսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։ Նա խոստացավ, որ հարցին կփորձեն լուծում տալ։
Նաիրիտցիները չեն պատրաստվում հեռանալ Կառավարության դիմացից՝ մինչև չհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ։
0 Մեկնաբանություն