Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ոռոգման համակարգը մի քանի տարի է՝ կաթվածահար վիճակում է։ Տնամերձ այգիները, հազարավոր հեկտարներով հողերը չորացել են, մի քանի օր առաջ անգամ հրդեհվել էր։
Գյուղացիները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բողոքեցին, որ գյուղ ջուր չի հասնում, ելակի երկրորդ բերքի սեզոնն է, ջուր չունեն, որ ջրեն։ Խաղող ընդհանրապես չունեն։ Գյուղացիների խոսքերով՝ հնարավոր չէ անընդհատ խմելու ջուրը օգտագործել, դույլերով լցնել ծառի արմատին, որ չչորանա։
Գյուղացիները բազմիցս դիմել են մարզպետարան, սակայն, ապարդյուն։ Նրանք պնդում են՝ միայն իրենց գյուղում է այս ծայրահեղ վատ վիճակը, Արարատյան դաշտում ջուրն այնքան շատ է, որ անգամ ավելանում է։
Պատահական մտանք գյուղի տներից մեկը, որի տնամերձ հողամասի վիճակը պարզապես ողբերգական էր։ Ամեն ինչ չորացել էր, ծառերի վրա բերքը չի աճում, ջուր չկա, սեփականաշնորհած ծիրանանոցներում ծիրան չկա։ Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն