«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը հասկանում է` որն է իր հիմնադրած ընկերությունում ստուգումների շարժառիթը:
«Շարժառիթը կոռուպցիայի դեմ պայքարն Է ու թիրախավորված մարդկանց ջրի երես հանելն է, որոնցից մեկն էլ երևի Սաշիկն է / Ալեքսանդր Սարգսյան/ , որին մեզ հետ կապեցին անհասկանալի պատճառներով: Ընկերության սեփականատերը ես ու եղբայրս ենք՝ Գուրգեն Զաքարյանը: Մենք բազմիցս բարձրաձայնեցինք, որ նրա հետ կապ չունենք, նրան միայն հեռուստացույցով ենք տեսել, ուզեցին, որ մենք լինենք Սաշիկինը ու մեզ «կպցրեցին» Սաշիկին, ու հիմա դրանով պայմանավորված՝ մենք թիրախ ենք դարձել: Ի սկզբանե հայտարարվում էր, որ գումարները գնում է Սաշիկին, հիմա այսօր հանրությունն ուզում է դա տեսնել, բայց քանի որ նման բան չկա, բնականաբար սա դառնում Է թյուրիմացության արդյունք»,- նշում է ընկերության հիմնադիրը, որը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:
Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին
տեխնիկական սպասարկման համար:
Ոստիկանությունը հայտարարել է, որ 2017թ. փետրվարից 2018թ. հունիս գումար է փոխանցվել չմատուցված ծառայության համար:
Ալեքսան Զաքարյանի համար անռվազն տարօրինակ է նման ձեւակերպումը, երբ իրենց աշխատանքը տեսանելի էր հանրության զգալի հատվածի համար, եւ ամբողջ այդ ծախսը , ներառյալ աշխատավարձերը, փաստաթղթավորված է:
Ինչ վերաբերում է ծառայությունների որակին` նա հիշեցնում է, որ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին` որպես նեղ մասնագիտական կազմակերպություն եւ մեծ ներդրում ունի անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման եւ սպասարկման ոլորտում:
«Հույս ունենք, որ անաչառ քննությունը ամեն ինչ կպարզի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- նշեց նա:
Իսկ մինչ այդ Ալեքսան Զաքարյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Որեւէ լումա մենք չենք յուրացրել»:
0 Մեկնաբանություն