18.46 Նիկոլ Փաշինյանը հասավ Հանրապետության Հրապարակ: Թավշյա հեղափոխության առաջնորդին ընդունեցին ծափողջյուններով ու կոչերով, հնչում է նաեւ հեղափոխության խորհրդանիշ համարվող «Քայլ արա» հայտնի երգը։
18.20 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթն արդեն Տիգրան Մեծ պողոտայում է: Փաշինյանը ողջունում է բոլորին թե՛ մայթեզրում կանգածներին, թե՛ ավտոբուսների ուղեւորներին: Վերջիններիս նա հորդորեց գնալ ոչ թե սխալ ուղղությամբ, այլ դեպի Հրապարակ:
Նա հատկապես ողջունեց արտասահմանում բնակվող բոլոր հայերին, ովքեր աջակցել են թավշյա հեղափոխությանը:
Նրա խոսքին ամբոխն արձագանքեց՝ «Ազատ, Անկախ Հայաստան» բացականչությամբ:
18.06 Փաշինյանը երթի ընթացքում հարցազրույցներ է տալի նաեւ լրագրողներին:
«Ամենակարեւոր ձեռքբերումը ոչ մի նյութական ու տոկոսով հնարավոր չէ չափել: Դա այ էս մարդիկ են, որ դուք տեսնում եք, այս բազմությունը: Սա է իմ գլխավոր ու ամենակարեւոր ձեռքբերումը: Իսկ ամփոփիչ թվերի մասին կասեմ Հանրապետության Հրապարակում»,-ասաց նա։
Մեկ այլ դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը հնարավոր է լինի առաջին քաղբանտարկյալը նոր Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նոր Հայաստանում չկան եւ չեն լինելու քաղբանտարկյալներ, այդ թվում կոռուպցիոներները»:
17.30 «Ազատ անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Դուխով», գոչյուններով հազարավոր քաղաքացիների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլերթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Նա իր ավանդական գլխարկով է, դստեր ու համակիրների ուղեկցությամբ:
«Ողջունում եմ բոլորիդ հաղթանակած ու հպարտ քաղաքացիներ, ապագան ձե՛րն է, դո՛ւք հաղթել եք,- այս խոսքերով նա ողջունում է բոլորին թե՛ քայլողներին, թե՛ իրեն շենքերի պատշգամբներից ձեռքով անողներին, երիտասարդներին էլ հորդորում է,- մամային, պապային ասեք թող ձեզ բերեն հրապարակ»։
Երթի ընթացքում վարչապետին մոտենում են, խնդրում նկարվել, նաեւ հարցազրույց վերցնում։ Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի ՝ ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ հարցին, վարչապետ Փաշինյանն ասաց, որ դա հայ ժողովուրդն է պայքարում, ոչ թե ինքը։
0 Մեկնաբանություն