Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված է եղել պաշտոնավարման 100 օրվան: Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է եկել հոծ բազմության ուղեկցությամբ՝ Արցախի փողոցից մեկնարկած երթով: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրությունն ամբողջությամբ.
«Սիրելի′ ժողովուրդ,
այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետության կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնվում Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության 100-ավոր աշխատակիցներ, այսօր այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնվում Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Ամերիկայի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի հայության ներկայացուցիչներ, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, Լիբանանի հայության ներկայացուցիչներ: Եվ այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով և մտքով այստեղ են: Եվ այսօր այս ամենը, շեշտում եմ, այստեղ են հայրենակիցներ Սյունիքի մարզից, Վայոց ձորի մարզից, Արարատի մարզից, Արմավիրի մարզից, Արագածոտնի մարզից, Շիրակի մարզից, Լոռու մարզից, Տավուշի մարզից, Գեղարքունիքի մարզից, Կոտայքի մարզից, մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջաններից, բոլոր թաղերից, բոլոր փողոցներից: Եվ այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնության և միասնական հաղթանակի օրն է: Եվ քանի որ այսօր միասնության օր է, ես խնդրում եմ իջեցրեք բոլոր այն պաստառները, որ ուղղված են ընդդեմ որևէ մեկի, որովհետև այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի: Սա հայ ժողովրդի հաղթանակի հանրահավաքն է, սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է:
Սիրելի′ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
ուղիղ 100 օր առաջ ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց: 100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, և ձեր հաղթանակը այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ: Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից հետո ընդմիշտ դուք և միայն դուք եք որոշելու, թե ով լինի ՀՀ վարչապետ: 100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թե Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ: Նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ: Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, և այս ամենն իրականություն դառնա առանց մի կրակոցի, առանց մի բռնության, առանց մի զոհի: Եվ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ գտնելու համար, թե որն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը: Ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, ոմանք այդ գործոնները փնտրում են հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին, Սփյուռքի հայությունը, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, ով հնարավոր դարձրեց աննախադեպ այդ իրադարձությունը: Այս ֆոնին, սակայն, ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի բաշխվածության կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է կամ որևէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: Եվ սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անվանում ենք հեղափոխություն, որովհետև Հայաստանի Հանարապետությունում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և ՀՀ-ում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Եվ այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում դեռևս ոմանք խոսելիս օգտագործում են կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն հասկացությունները: Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, ՀՀ-ում չկա կոալիցիոն իշխանություն, ՀՀ-ում չկա խորհրդարանական մեծամասնություն: ՀՀ-ում կա ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը:
Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ: Բայց սա մեր քաղաքական կյանքի միակ նորությունը չէ: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, և ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը:
Ժողովո՛ւրդ, այս առումով թույլ տվեք համարձակվել պնդել, որ այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը, և, ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը: Ահա այսպիսինն է մեր իրադարձության պատմական և պատմագիտական նշանակությունը, և այդ իրադարձությունը դուք եք ստեղծել:
Ժողովո՛ւրդ, սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթե աքսիոմա է, և մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետև այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը: Թեև կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, դրանից հետո հնարավոր է լինի տնտեսական աճ և ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում: Ընդհակառակը, հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել:
Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի՛ ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ: Հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր շուրջ 6 հազարով: Այս տարի եկածների թիվը ավելի է 29 հազար 986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային և զբոսաշրջության հետաքրքրության աճ: Իհարկե, ֆորմալ, օտարերկրացիների մեջ բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները և այն, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով, այսինքն՝ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և հանրապետության այլ քաղաքներում:
Դուք գիտեք, որ հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականությանը, իրոք, կար այդպիսի բան: Բայց այսօր միանշանակ և պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ երկիր է եկել մոտավորապես 116 միլիարդով ավելի շատ գումար, 116 միլիարդ, այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել, իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփյուռքի մեր հայրենակիցներն ապագայի նկատմամբ ունեն բացառիկ վստահություն, և սա տնտեսական հետագա առաջընթացի ու աճի ամենակարևոր երաշխիքն է: Վերջին 3 ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավելի վարկ են վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ:
2018 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած: Եվ ուզում եմ ձեզ զեկուցել, որ 3 ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը, հարկային մարմինները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ: Ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով: Սրանք թվեր են, ես երևի թե թվերով ձեզ ավելի շատ չծանրաբեռնեմ, բայց ընդհանուր առմամբ հարկ եմ համարում ընդգծել, որ այս թվերը միասին մի բան են նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, միևնույն հասանելիությունը, միևնույն ազատությունները, և բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ: Եվ ուզում եմ ասել. հիշում եք՝ 2017 թ. աշնանը, ընդդիմադիր լինելով, ես հայտարարեցի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ այո′, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Եվ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա′ բանանի մենաշնորհ, չկա′ բենզինի մենաշնորհ, չկա′ ոչ մի բանի մենաշնորհ, կա′ միայն իշխանության մենաշնորհ, և այդ իշխանության մենաշնորհի տերը դո′ւք եք՝ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:
Սիրելի′ ժողովուրդ,
ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք պատրաստվում ճեղքումով, մեծ քայլերով զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Մենք դա անելու ենք այն նույն մոդելով, ինչ մոդելով արեցինք թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը: Այդ մոդելի էությունը հետևյալն է. ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում, որովհետև մենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մտածում էին, որ ահա, ընդդիմությունը, ընդդիմադիր առաջնորդները և ընդդիմադիր թիմերը պետք է անեն այդ հեղափոխությունը: Բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմությունը, ոչ միայն քաղաքական լիդերները, այլև դուք, ձեզնից յուրաքանչյուրը պիտի անի հեղափոխությունը, և այդ ժամանակ հեղափոխությունը տեղի ունեցավ: Եվ ինչո՞ւ եմ սա ասում հիմա, որովհետև մենք վերացրել ենք Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, հայրենիքը ծաղկեցնել, իր ստեղծագործական միտքը ներդնել և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կյանքում: Սա է մեր հեղափոխության կարևոր իմաստը, և քաղաքական հեղափոխությանը գալիս է հաջորդելու տնտեսական հեղափոխությունը: Եվ այդ տնտեսական հեղափոխության մեջ դուք անպայմանորեն պիտի հաղթեք, պիտի նորից հաղթեք, պիտի անընդհատ հաղթեք:
Սիրելի′ ժողովուրդ,
մեր կառավարության 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը պայքարն է կոռուպցիայի դեմ: Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա ժողովրդին և պետությանը վերադարձնելը: Իհարկե, այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել են պետությանը և վերադարձվում են պետությանը: Բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ, և, բացի այդ, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե արդյոք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար: Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին:
Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու և միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետևյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, և ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Կա նաև մի ուրիշ խնդիր, ուզում եմ ձեզ կոնկրետ մի օրինակ բերել. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր անունը չեմ ուզում ասել, սակայն այստեղ ոչ հեռու գտնվող մի բանկում՝ միայն մեկ հաշվեհամարում, հայտնաբերվել է 30 մլն դոլար: Երեկ մեկը կար, չէ՞, որ ասում էր՝ բա չե՞ն հարցնելու՝ այդ ուր է չգիտեմ ում 10 տոկոսները: Հարցնելու ենք, մենք ենք հարցնելու և մենք էլ պատասխանելու ենք, իսկ դուք լինելու եք պատասխան տվողը, չկասկածեք: Ժողովրդից գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ, բայց ես ուրիշ բան էի ասում: Այդ հաշվեհամարում, որտեղ կա 30 մլն դոլարը, Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպել, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար, հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով այստեղ կան դժվարություններ՝ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավվելու համար: Այս է պատճառը, որ կարծում եմ՝ մենք իսկապես պետք է լրջորեն մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու մասին: Բայց ուզում եմ ասել, որ հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ: Անցումային արդարադատության մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, և այդպիսով շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան: Ավելին ասեմ, սիրելի′ ժողովուրդ, այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որպեսզի մեզ աջակցեն օտարերկրյա պետություններում և օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցով: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար, բայց ինքներդ եք հասկանում, որ հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որպես քաղաքական հետապնդումների զոհ: Որևէ մեկը չի հարցնում, որ քաղաքական հետապնդումների զոհ եք՝ բա հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե՞ ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու և հաթաթա տալու ձևերը չգիտենք, թե՞ ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել: Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, և ուզում եմ ասել, որ հպարտ եմ մեր կառավարության համար, որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, թե որևէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից: Առավել ևս ուզում եմ հստակ ընդգծել, որ բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան, և խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, և սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից:
Ժողովուրդ, կներեք, ես ստիպված ելույթս կրճատում եմ: Ասում եմ՝ պետք է շուտ-շուտ երթ-հանրահավաքներ անել, մանավանդ, որ տեսնում եք՝ մարդիկ կան, որոնք ակնհայտորեն ուզում են դա և կստանան: Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փատաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել՝ այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինվորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ…:
Ուզում եմ ասել հետևյալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել: Հիմա էլ մարդիկ դուրս են եկել ու սկսել խոսել, ասում են՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ քաղաքացիական պատերազմ լինի. 17 նախկին կոռուպցիոներ և 22 ֆեյք, սա է ձեր քաղաքացիական աջակցությունը: Ուրեմն եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու, լա′վ իմացեք: Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին, խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք:
Ժողովուրդ, ես ուզում եմ հիմա խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին, որովհետև վերջին շրջանում ինչ ասես հայ-ռուսական հարաբերությունների մասին չի ասվում: Այսօր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, թե այս ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ուզում եմ ասել հետևյալը. ես իմ խոսքի սկզբում ասացի, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել: Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կուզենայի լսեն նաև Ռուսաստանում գործող այն փորձագետներին, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը գնում է Արևելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետությունն ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Եվ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է:
Մենք զարգացնելու ենք նաև մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Բա ինչո՞ւ չեն ասում, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները վատ են: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ նույնպես մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել: Մենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում ենք մեր երկրի շահերը պաշտպանում, Իրանի հետ էլ: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն էությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն է, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք եք լիազորել մեզ այդպես վարվել: Խնդրում եմ հաստատեք, հաստատեք, որ դուք մեզ լիազորում եք շարունակել այսպիսի քաղաքականությունը:
Բայց ես ուզում եմ մի բան ասել. նախորդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի այսպիսի բան: Օրինակ, իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ այդ իշխանությունների նաև պասերով կապվել են Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ է այդպես եղել, որովհետև ուզեցել են կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Այստեղ է էությունը, և հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ այ էս ձեր դեմ են անում, ձեր դեմ են կոռուպցիայի դեմ պայքարում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում նույնպես միամիտ մարդիկ չկան, որ դուք պուլտով այստեղ-այնտեղ խոսեք ձեր օգնականների մոտ, հպարտ-հպարտ խոսեք ու մեզ վրա տպավորություն գործեք:
Ժողովուրդ ջան, ես, անկեղծ ասած, այսօր պլանավորել էի շատ մանրամասն խոսել տնտեսական զարգացման մոդելների մասին, թե մենք ինչ քայլեր ենք պատրաստվում անել, Հարկային օրենսգրքում ինչ փոփոխություններ ենք պատրաստվում անել, պետական կառավարման համակարգում ինչ փոփոխություններ ենք պատրաստվում անել, բայց ես ուղղակի հասկանում եմ, որ այդ ճանապարհով չի ստացվի ձայնիս պատճառով:
Բայց ես ուզում եմ ձեզ ասել մի բան. ընդհանրապես պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով՝ մենք համոզվեցինք, որ դա նման է այն սուտլիկ որսկանի 3 պղինձներին, 3 կաթսաներին, որ ասում է՝ 2-ը ծակ են, 1-ն էլ ընդհանրապես տակ չունի, որովհետև մեր պետությունն այնքան կոռումպացված է եղել, որ ինչքան վերևից մենք արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է դեպի մի քանի կամ մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպաններ: Բայց ես ուզում եմ ձեզ ասել պաշտոնապես, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ: Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի: Եվ ես ուզում եմ ասել, որ առաջիկայում շատ կարևոր խնդիրներ ենք մենք պատրաստվում լուծել: Այդ խնդիրներից մեկը, օրինակ, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, որովհետև պետական կառավարման համակարգն այսօր, ըստ էության, անարդյունավետ կերպով ծախսում է պետական բյուջեի մի հսկայական մասը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի 17 նախարարություն, և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: Նաև պետական կառավարման մարմինների թիվն էականորեն պետք է կրճատվի, որպեսզի մենք կարողանանք դա արդյունավետ անել: Իսկ այս փուլում, այնուամենայնիվ, մեր ամենակարևոր անելիքը նոր ներդրումների ներգրավումն է: Ես հույս ունեմ և կոչ եմ անում աշխարհի հայության ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին՝ գալ Հայաստան և կատարել լրջագույն ներդրումներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրենքի գերակայություն, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրենքի իշխանություն: Մենք այսքան կոռուպցիայի դեմ այսպիսի պայքար ենք մղել, բայց Հայաստանում սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ չի եղել նման բան, որ մի գործարան, մի բիզնես մեկի ձեռքից խլեն, տան մեկ ուրիշին: Սա չափազանց կարևոր բան է: Սա նշանակում է, որ մենք երաշխավորում ենք սեփականության անձեռնմխելիությունը: Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի, Հայաստանում անհանգստանալու բան ունեն միայն կոռումպացված չինովնիկները՝ լինեն նախկին չինովնիկ, թե ներկա:
Ինչ վերաբերում է գործարարներին. մենք նրանց ասում ենք, որ նրանք ազատված են ցանկացած կոռուպցիոն պարտավորությունից: Եվ եթե նույնիսկ նրանք նախկինում հարկեր չեն վճարել, մենք անպայման արձանագրելու ենք և նրանց պարտավորեցնելու ենք վճարել այդ հարկերը: Բայց ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ հարկեր չվճարելու առիթով քրեական գործեր են հարուցվում, այդ քրեական գործերը հենց այսօր գործող օրենքի ուժով կարճվում են այն ժամանակ, երբ այդ հարկերը վճարվում են: Եթե կլինեն դեպքեր, երբ նախկինում չվճարված հարկեր պահանջելը շատ ծանր կլինի որևէ բիզնեսի համար, այսինքն՝ կսպառնա նրա գոյությանը, մենք այդ պարագայում կգտնենք տարաժամկետման հնարավորություններ: Եվ ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու: Այսպիսի հեռանկար կարող է սպառնալ միայն կոռումպացված չինովնիկներին՝ ժողովրդից թալանված հարստությունների մասով անցումային արդարադատության մարմինների և դատարանների որոշմամբ: Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, այն բիզնեսմենները, ովքեր պարզապես նախկինում գործել են հին կանոնների սահմաններում, նրանք հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ և զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Նրանք հնարավորություն կունենան նոր ներդրումներ անել, նոր ներդրողներն էլ հնարավորություն կունենան հավասար պայմաններում գործել նրանց հետ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ երբ ասում ենք մենաշնորհները վերացված են, քաղաքական խոչընդոտ չկա, հնարավոր է հին մենաշնորհների տերերը իրենց նախկին գերշահույթերն օգտագործեն՝ ուրիշներին շուկայից դուրս հանելու համար: Մենք այս իրավիճակին նույնպես հետևելու ենք և ստեղծելու ենք իրոք ոչ մենաշնորհային պայմաններ: Հիմա էլ ձեզ հայտնի ուժերը՝ հանրապետականները, հակահեղափոխականները լուրեր են տարածում, թե պոտենցիալ ներդրողները չեն գալիս, որ սպասում են, տեսնեն՝ ինչ է լինելու:
Սիրելի′ ժողովուրդ, եկեք միասնաբար նրանց ասենք, որ ոչ մի բան էլ չի լինելու, այն, ինչ լինելու էր, արդեն եղել է, և ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և նրա հաղթանակն այլևս անշրջելի են: Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ քաղաքացին հաղթել է, և այդ հաղթանակը որևէ մեկը չի կարող նրա ձեռքից հետ վերցնել: Եվ խնդրում եմ, հաստատեք, որ այն փոփոխությունը, որ ոմանք իրենց աշխատասենյակներում կուչ եկած հույս ունեն, թե լինելու է, հաստատեք, ասեք նրանց, որ չի լինելու, որովհետև, այն, ինչ լինելու էր, արդեն եղել է: Սեպտեմբերին դուք դա հնարավորություն եք ունենալու ապացուցել Երևանի ավագանու ընտրություններում՝ ընտրելով Երևանի նոր քաղաքապետ՝ ի դեմս Հայկ Մարությանի:
Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է. ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, և էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից, չկա այդպիսի տարբերակ:
Ուզում եմ նաև անդրադառնալ ներքաղաքական վիճակին: Դուք գիտեք, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսեք՝ ինչ է կատարվում. ըստ էության, Սահմանադրական հնարավորությունը հետևյալն է այս պահին, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք, հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, կասենք, օրինակ՝ չասեմ ում: Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» և էլի նույն խորհուրդն եմ տալիս:
Ես կանդրադառնամ իմ ելույթի բաց թողած հատվածին իմ մյուս ուղիղ եթերների ընթացքում, որովհետև այդ հատվածները շատ կարևոր են: Ես այսօր ուզում եմ, այնուամենայնիվ, ամփոփել նրանով, ինչով սկսեցի՝ մեր ազգային միասնության այս պահի բացառիկությունը գնահատելով: Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Հայոց բանակի բոլոր գեներալներին, սպաներին և զինվորներին, որոնք հեղափոխության օրերին շատ հստակ ցույց են տվել, որ իրենք չեն կատարի հրամաններ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը բանակը նորից օգտագործեր ժողովրդի դեմ: Մեր բանակն արժանի է բուռն ծափերի և գովեստի: Մեր բանակը պիտի իմանա, որ մեր ժողովուրդը և մեր կառավարությունը, սփյուռքը, ամբողջ հայությունը կանգնած է իր մեջքին: Այո՛, բանակում դեռ շատ խնդիրներ կան, որ լուծված չեն, բայց եկեք խոստանանք, որ այդ բոլոր խնդիրները միասին լուծելու ենք:
Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք մեր Ոստիկանությանը: Ժողովո՛ւրդ, այս հեղափոխությանը բացառիկ բան է տեղի ունեցել. այն, ինչ մենք ասել ենք, արել ենք, այն, ինչ ասել ենք, իրականություն է դարձել: Հիշում եք, որ ասում էինք՝ ոստիկանը մե՛րն է, ոստիկանը մե՛րն է, և այո՛, ոստիկանը մերն է և ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օրենքին և ժողովրդին:
Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Ազգային անվտանգության ծառայությանը: Այսօր շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել: Գաղտնիքը պետք է ձեզ ասեմ: Այստեղ գալուց առաջ սիմվոլիկ երթն սկսեցի Արցախի փողոցից, որտեղ ինձ Ազգային անվտանգության ծառայության հատուկ խումբն ապրիլի 21-ին առևանգել էր: Եվ այսօր այդ օպերացիան իրականացրած բոլոր տղաներն իմ թիկունքից քայլում էին և մեր անվտանգությունն էին պաշտպանում: Սա ազգային համաձայնության, ազգային միասնության մի բացառիկ ժամ է:
Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Արցախի Հանրապետության մեր եղբայրներին, ովքեր հարկ են համարել այսքան երկար մի քանի ժամանոց ճանապարհը կտրել և այստեղ իրենց ներկայությամբ հավաստել հայ ժողովրդի բացառիկ միասնությունը:
Ես ուզում եմ, որ մեր բուռն ծափերով ողջունենք Սփյուռքից եկած մեր հայրենակիցներին, ովքեր նույնիսկ այսօրվա համար հատուկ եկել են տարբեր երկրներից, որ մասնակցեն մեր հանրահավաքին:
Եվ ես ուզում եմ, որ մենք ծափահարենք ՀՀ հպարտ արժանապատիվ և հաղթանակած քաղաքացուն, այսինքն՝ բոլորիդ, ողջ հայ ժողովրդին, ով, ի վերջո, ի հեճուկս բոլոր կասկածների, ապացուցեց, որ ինքը բացառիկ ժողովուրդ է, որ ինքը բացառիկ առաքելություն ունի, որ ինքն սկիզբ դրեց պատմական մի ժամանակաշրջանի, որտեղ 21-րդ դարում հաստատվեց ուղղակի ժողովրդական իշխանություն, ուղղակի անմիջական ժողովրդի իշխանություն:
Եվ, ուրեմն, կեցցե′ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդը:
Եվ վերջում ուզում եմ ձեզ համար արտասանել «Իմ քայլը» բանաստեղծությունը, որը դարձավ մեր հաղթանակի սիմվոլը՝
Այսօր ես անում եմ իմ քայլը,
ես անում եմ իմ քայլը այսօր,
սա հույսի առկայծող ճանապարհ է,
սա գրվող պատմություն է մի նոր:
Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս,
Եվ տեսել քմծիծաղը ստի,
բայց իմ կամքը ամուր է քարից էլ,
իմ ոգին հանձնվել չգիտի:
Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,
ստահոդ ճառողի փառքը սին,
համոզվում եմ կրկին, որ իմ ջանքն է
փակուղին ճեղքելու բանալին:
Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,
հին երկրիս համար հուսահատ,
ու դարձնել պիտ նրան կարենանք
երջանիկ ու հզոր ու ազատ:
Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,
և ձեռքերս բաց պարզել վեր,
որ լույսի մարտնչող ասպետի պես,
կերտեմ ցնծության ժամը մեր:
Եվ մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ,
քայլում են, քայլում են, քայլում,
և մեր մեկտեղվող աչքերի մեջ
հույսի արեգակ է փայլում:
Այսօր մենք անում ենք մեր քայլը,
մենք անում ենք մեր քայլը այսօր,
սա պատվով քաղցրացած ճանապարհ է,
սա ծնվող հաղթանակ է մի նոր:
Եվ ուրեմն կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′նք մենք և մեր երեխաները, որ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:
Շնորհակալ եմ»:
0 Մեկնաբանություն