ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից և նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 13 անձի:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի փաստացի բնակիչ, 1969թ. ծնված Ա.Մխիթարյանը, զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելուն աջակցելու նպատակով, զորակոչային տարիքի հասած տարբեր երիտասարդների հարազատներից պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ։
Մասնավորապես՝ տղամարդը խոստացել է ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը և դրանց համապատասխան որոշումների կայացումը՝ իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով։ Այդ պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2014-2017 թվականների ընթացքում պահանջել և հափշտակել է տարբեր չափերի գումարներ:
Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է խարդախությամբ գումարներ հափշտակելու 7 և փորձ կատարելու 1 դեպք։
Բացի այդ, պարզվել է, որ Ա.Մխիթարյանը ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող «TOYOTA 4RUNNER» մակնիշի ավտոմեքենայում պահել է ռազմամթերք հանդիսացող 20 հատ 7.62 մմ, 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ «Ֆ-1» տեսակի ձեռքի նռնակ` իրենց «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչներով, պայթուցիկ նյութ հանդիսացող 200-ական գրամ քաշով 2 հատ պայթաղյուսներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Տավուշի մարզի հաշվառում ունեցող, բայց փաստացի Երևանում բնակվող Ա.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (4 դրվագ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրանք է առաջադրվել ևս 12 անձի, որոնցից 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
0 Մեկնաբանություն