Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Շարլ Ազնավուրի անվան այգու աճուրդի անթույլատրելիության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ի շարունակություն այս հարցով մեր ունեցած ելույթների և մտահոգությունների, որոնց արձագանքելով տեղական իշխանության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ բարդուրների բարեկարգման համար ինչ-որ մեկը 28000 դրամը ձեռքին ծեծում է քաղաքապետարանի դռներն ու որ այլ շահ բացարձակ չկա, հիմա արդեն հրապարակվել է մրցույթի հայտարարությունը։
Հայտարարության մեջ որևէ կերպ չեն սահմանվում պայմաններ կամ պարտավորություններ, որոնք մաս կկազմեն մրցույթը հաղթող կողմի հետ կնքվող պայմանագրի...
Սա անթույլատրելի է, և մեզ ստիպում է վերահաստատել մեր մտահոգությունները։
Չմոռանանք նշել, որ այսօր Շարլի ծննդյան օրն է»:
Ավելի վաղ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մտահոգություն էր հայտնել քաղաքապետարանի կողմից այգին կառուցապատման իրավունքով անհայտ անձին մրցույթով հանձնելու վերաբերյալ: Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Սիրելի վանաձորցիներ, մեր շատ սիրելի կանաչ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան այգու մի ահռելի հատված քաղաքապետարանը ցանկանում է կառուցապատման իրավունքով մրցույթով հանձնել … Ես մտավախություն ունեմ, որ այս կանաչ գոտին ևս կապականվի:
Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին, որքեր ունեն հնարավորություն և լավ գաղափար այգին բարեկարգելու համար և կցանկանան ամսական ընդամենը 21628 դրամ վճարով մասնակցել մրցույթին, մանրամասների համար կարող են դիմել ինձ կամ մեր՝ Լուսավոր Հայաստան խմբակցությանը:
Եկեք միասին թույլ չտանք հերթական կանաչ գոտու հանդեպ ոտնձգությունը, քանի որ վարձակալության և կառուցապատման հետ կապված քաղաքապետարանը ոչ մի նախապայման չի նշում, այսինքն այս գործարքը հղի է շատ արատավոր երևույթներով:
Կից ներկայացնում եմ հայտարարությունը և հատակագիծը:
Վանաձոր համայնքում 2019թ. հունիսի 7-ին` ժամը 11:00–ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացողհողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ:
Մրցույթի է դրվում Հանգստի գոտի կազմակերպելու համար (10 տարի ժամկետով) Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/3 հողամաս 0.27035հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0280-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 21628 դրամ»:
0 Մեկնաբանություն