ՄԱՐԶ

ՉԱՇԽԱՏԵՑԻ՞Ր ԱՄՌԱՆԸ, ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՍ ՈՒՆԵՆԱ ՁՄՌԱՆԸ. ԺՈՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Ժորա Զարգարյանը Արևածագ, Ծաթեր, Հագվի, Արդվի, Այգեհատ, Կարմիր Աղեգ գյուղերի միավորմամբ ձևավորված Օձուն Խոշորացված համայնքի ղեկավարի  խորհրդականն է: Վանաձորի ճարտարագիտական համալսարանն է ավարտել, հետո ծառայել զինված ուժերում: Սպայակազմն առաջարկել է մնալ բանակում, շարունակել ծառայությունը, համալրել հրամկազմը, սակայն երիտասարդը անդրդվելի էր. Պիտի վերադառնալ գյուղ, ընտանիք կազմել և զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Աշխատող մարդու համար գյուղում ապրելը հեշտ է:

Չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել որպես երիտասարդ գյուղատնտես: Ասում է՝ ես արտադրության մարդ եմ, իսկ արտադրությունը այն միակ շարժիչ ուժն է, որը Հայաստանը կտանի դեպի զարգացում: Իրեն արտադրության մարդ համարող Ժորան զբաղվում է գյուղատնտեսությամբ, սեփական հողեր, ցանքատարածություններ չունի, վարձակալել է գյուղացիներից, ինչպես ինքն է ասում՝ չմշակվող հողերին շունչ է տվել:

Համոզված է՝  հեշտ չէ մշակաբույսերի, տարբեր կուլտուրաների վերջնական արդյունքին հասնելը, հատկապես տարածաշրջանի բնակլիմայական պայմաններում, կարծում է, որ մեր ժամանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողը պիտի ոլորտին լիարժեք տիրապետի, կարդա, հասկանա նրբերանգերը: Օրինակ, եթե մարդը դաշտը մշակում է ու անասնապահությամբ չի զբաղվում՝ անօգուտ է, իսկ զուգահեռ՝ շատ օգտակար:

Հայաստանի բանկային համակարգը բարեհաճ է գյուղատնտեսության հանդեպ, անկախ ոլորտի ռիսկայնությունից՝ բանկերը ֆինանսավորում են գյուղատնտեսությանը: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն ֆերմերները բանկերի նկատմամբ, վստահո՞ւմ են բանկերին, բավարարվա՞ծ են արդյոք գործող տոկոսադրույքներից: Ժորա Զարգարյանն ասում է՝ փորձում են վարկեր քիչ վերցնել, բայց  դժվար է առանց վարկերի:

Պարարտանյութի մասին ֆերմերին հացնելը նույնն է, թե հարց տալ՝ պատասխանն ամբողջությամբ գիտենալու պայմաններում: Ժորա Զարգարյանն էլ, մյուս ֆերմերների պես դժգոհ է գներից, բայց ճարահատյալ գնում է: Ավելին՝ ներդրած գումարը աշխատանքն անելուց հետո գալիս, զրո է կանգնում, բա էլ ո՞րն է իմաստը գյուղատնտեսությամբ զբաղվելու: Իմաստ ըստ Ժորայի՝ գյուղում մնալն է, գյուղը զարգացնելը, որպեսզի այն չերիտասարդաթափվի: Ճիշտ է, եկամուտը քիչ է, հավասար համարյա ներդրածին, բայց եղածով բավարարվում են, կարևորը՝ սահմանին զինվորն է:

Ասում է՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարը մշուշոտ է, դժգոհում համատարած գնաճից, ամեն բան թանկանում է, բացի գյուղացու արտադրած մթերքից, ամենուրեք դժվարություններ են:

Այսուհանդերձ, Ժորա Զարգարյանը դժգոհ չէ իր կյանքից, գյուղի երիտասարդությանն էլ խորհուրդ է տալիս մնալ գյուղում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *