Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա կառավարության նիստում Լոռու մարզի ճանապարհների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի անդրադարձին:
-Լոռու մարզի հարգարժան քաղաքացինե՛ր, ուզում եմ տեղեկացնել, որ այս տարի ևս ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն Լոռու մարզում:
Ընդհանուր առմամբ 2023 թ.-ին Լոռու մարզում կհիմնանորոգվի 109.8 կմ երկարությամբ ճանապարհ՝ 14.8 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, ինչը ևս իր ծավալներով աննախադեպ է:
Ուզում եմ առավելապես հայտնել առաջիկայում 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման մեկնարկի մասին, որոնց անդրադարձել է նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում.
1. Հ-70՝ Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ ճանապարհահատվածը, պայմանագրային արժեքը՝ 3.6 մլրդ. դրամ,
2. Հ-22՝ /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, առաջիկայում կհայտարարվի շինաշխատանքների մրցույթ),
3. Տ-5-46՝ /Մ-6/(Ալավերդի) - Սանահին թաղամաս - Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհների 9.38 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածները՝ պայմանագրային արժեքը՝ 1.99 մլրդ. դրամ,
4. Տ-5-41՝ Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.183 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, պայմանագրային արժեքը՝ 846.8 մլն. դրամ:
Լոռի հեռուստաընկերությանը մարզպետ Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ծավալուն աշխատանքներ կկատարվեն մարզի բոլոր համայնքներում, որոնք միտված կլինեն մարզի բնակչության կյանքի որակի բարձրացմանը՝ տարբեր ոլորտներում:
0 Մեկնաբանություն