Եթե Քալաշյան ես, պարտավոր ես մեղուներից չվախենալ, տիրապետել գործի նրբություններին և կարողանալ քամել անարատ մեղր,- ասում է ընտանիքի պապական գործի նեղ մասնագետ՝ Անդրանիկ Քալաշյանը, ով հորից ժառանգած մեղվաընտանիքների թիվը կրկնապատկել, հասցրել է 70-ի:
Գարգառցի Քալաշյանները զբաղվում են մեղվապահությամբ, նրանք հայտնի մեղվաբույծներ են Լոռու մարզում: Ամռան ամիսներին ողջ ընտանիքը ներգրավվում է մեղվաբուծության աշխատանքներում, նրանցից յուրաքանչյուրն պատասխանատվությամբ է մոտենում գործին, հատկապես Անդրանիկի 19-ամյա որդին` Սամվելը: Բերքը ստանում են, իրացնում տեղում ու մտածում մեծ ծավալի արտահանումների մասին: Նոր փեթակների, շրջանակների ձեռքբերման դեպքում բերքի ծավալները կմեծացնեն և կմտածեն արտահանման մասին:
Գյուղում ապրելու համար պետք է զբաղվել մի քանի գործով, այդպես էլ անում են Գարգառում: Երիտասարդները զբաղվում են հողագործությամբ, անսանապահությամբ, այգեգործությամբ. քչերն են մեկնում արտագնա աշխատանքի, իսկ ներքին միգրացիայի դիմում են կամ կրթությունը շարունակելու համար, կամ էլ ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու ակնկալիքով:
Գյուղում ապրելը հեշտ չէ, միայն մեղր քամելով ընտանիքի կարիքները չես լուծի, Քալաշյանները ևս տարբեր աշխատանքներ են կատարում, ձեռք են բերել կիսով չափ անսարք խորհրդային միության 3 գյուղտեխնիկա, նորոգել և այժմ շահագործում են դաշտային աշխատանքներում:
Մեծաքանակ վարուցանքի համար հնարավորություններ չկան, սեփական միջոցներն էլ չեն բավականացնում խնդիրները լուծելու համար:
19-ամյա Սամվել Քալաշյանը Գյառգյառի ակտիվ երիտասարդներից է , գրեթե միշտ զբաղված է, սովորում է, միաժամանակ աշխատում, մասնակցում մեղրաքամին, մեղուների ձմեռացմանը: Որոշել է ծնողների հետ միասին զարգացնել ընտանեկան բիզնեսը: Սամվելն ակտիվորեն աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ, մասնակցում տարբեր դասընթացների, նպաստում համայնքային մի շարք ծրագրերի իրականացմանը:
Վերջին տարիներին համայնքում տեսանելի զարգացել է գյուղական տուրիզմը, որը պայմանավորված է նաև ոչ ավանդական մշակաբույսերի մշակմամբ, նկատում է Գարգառ համայնքի նախկին վարչական ղեկավար Կարեն Զալինյանը:
Համայնքում երիտասարդների համար փորձում են ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, այս տարվանից կմեկնարկեն համայնքում փոքր կոտեջային ավանի շինաշխատանքները: Բարձր վարձատրվող աշխատատեղեր համայնքում քիչ կան: Աշխատանքները հիմնականում սեզոնային են, որից վաստակած եկամուտը չի բավականացնում ամբողջ տարվան:
Շնորհիվ ակտիվ և նախաձեռնող երիտասարդների՝ Գյառգյառը համարվում է ոչ ավանդական մշակաբույսերով հարուստ տարածաշրջան, որտեղ զարգացած է հյուրատնային բիզնեսն ու էկոտուրիզմը:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն