88-ի երկրաշարժի հետևանքով Անին կորցրել է մորը, քույրերին և եղբայրներին, ձեռք է բերել հաշմանդամություն: Ճակատագրի դաժան հարվածը դեռատի աղջիկը փորձել է հաղթահարել կյանքի ողջ ընթացքում. Կրթություն է ստացել, մասնագիտություն ձեռք բերել, ընտանիք կազմել:
Կյանքի երեք բաժանումները
-Որ ետ եմ նայում՝ կյանքս բաժանված է երեք մասի. Երկրաշարժից առաջ և հետո, ցավոք դրան գումարվեց նաև 44-օրյա պատերազմը, որովհետև պատերազմից առաջ ես ավելի կենսախինդ էի:
Հիշում եմ մանկությունս երկրաշարժից առաջ, մեր տունն եմ հիշում, որտեղ հացի սեղանի շուրջ նստում էինք 9 հոգով՝ Ծնողներս և 7 երեխաներս: Ես քիչ էի ուտում, ու երբ բաժինս ավելանում էր՝ բաժանում էի քույրերիս ու եղբայրներիս մեջ: Երկրաշարժի հետևանքով գլխիվայր շուռ եկավ մեր ուրախ ու երջանիկ ընտանիքը: Մեր 7 երեխաներից մնացինք երեքս, մորս էլ կորցրեցի: Հետո դժվարություններ ունեցա, երկրաշարժի հետևանքով ձեռք բերեցի հաշմանդամություն: Արտասահմանում երկարատև բուժումներ ստանալուց հետո վերադարձա Վանաձոր, բազմաթիվ հնարավորություններ ունեի չվերադառնալու, նույնիսկ վերջին տարիներին, բայց չցանկացա, գերադասեցի իմ հայրենի բնակավայր Վանաձորը:
Երբ արդեն գիատակցեցի, որ հաշմանդամություն եմ ձեռք բերել ու այլևս վերականգնել չի լինի՝ մտածեցի, որ դժվար թե ես կարողանամ ապրել մի քսան տարի, դրանից հետո ես էլ չեմ կարողանա ապրել, բայց տարիները ցույց տվեցին, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ: Երբ վերադարձա՝ որոշեցի, որ դպրոց առհասարակ չեմ գնա, որովհետև չգիտեի, թե հասակակիցներս ինչպես կվերաբերվեն հաշմանդամությանս, ու մտածում էի, որ տնից դուրս չեմ գա: Մի օր մեր դասարանցիները շատ ուրախ տրամադրությամբ դասղեկի հետ այցելեցին մեր տուն, իմացել էին, որ վերադարձել եմ Ամերիկայից, ու որ անպայման պետք է գնամ դպրոց: Այդ օրը հասկացա, որ իրենք նորմալ են վերաբերվում, հայացքների մեջ չկար ո՛չ խղճահարություն, ոչ էլ բացասական վերաբերմունք: Հաջորդ օրը գնացի դպրոց և համոզվեցի, որ միջավայրը շատ սովորական է ընդունում ինձ:
Հաշմանդամությանը սկսեցի վերաբերվել հումորով
-Ճամբարում յուրաքանչյուրս պատմում էինք մեզ հետ տեղի ունեցած դեպքերի մասին ու հումորով էինք ներկայացնում: Մի դեպք պատմեմ. Աշխատանքի ուսուցման դասի համար խանութից ասեղներ էի գնել ու երթուղայինում հիշեցի, որ ասեղ եմ գնել: Հանեցի, ուսումնասիրեցի ու սկսեցի մտցնել ոտքիս մեջ ու հանել: Հետո նկատեցի, որ մարդիկ զարմացած նայում են ինձ, ես էլ զարմացա, թե ես էս ի՞նչ եմ անում, որ բոլորն ինձ են նայում: Տեսնեմ, որ ասեղը ոտքիս մեջ է ու ես ինձ լավ եմ զգում:
Աշխատանքը գտավ ինձ
Ասացին, որ «Լոռի» հեռուստաընկերությունը հաղորդավարի հայտարարություն է տվել, և միգուցե ես համապատասխանում եմ պահանջներին: Գնացի հեռուստատեսություն, անցա մրցույթը, ընդունվեցի աշխատանքի: Աշխատանքն ինձ համար հեշտ չէր, որովհետև համապատասխան մասնագիտություն չունեի, բացի դա էլ, երկրաշարժից հետո տարբեր վիրահատություններ տանելուց հետո նույնիսկ հայոց այբուբենը չէի հիշում, ինձ համար դժվար էր, հատկապես հեռուստատեսության պատասխանատու աշխատանքում, բայց սկսեցի զբաղվել նաև ինքնուսուցմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն