Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեռ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն, վիրահատվել, ստացել անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել՝ իրենց հետ տանելով բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ջերմությունն ու հոգատար վերաբերմունքը:
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի եւ Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ դեսպանը շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հանդիպեց նաեւ իրենց քաղաքացիներին վթարից հետո վիրահատած բուժանձնակազմին:
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին իր հերթին շնորհակալություն հայտնեց բժշկական կենտրոնի անձնակազմին՝ ի դեմս տնօրենի, ջերմ ընդունելության ու բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունների համար՝ խոստանալով, որ սա առաջին, բայց ոչ վերջին այցը կլինի հարազատ դարձած բժշկական կենտրոն:
0 Մեկնաբանություն