ArmDaily.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը երեկ մահացել է։ Կինը նախ Երևան էր տեղափոխվել թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել էին, ապա տեղափոխել «Իջևանի» ԲԿ, իսկ այնտեղից էլ տեղափոխել էին «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։ Կնոջը հոգեբուժարանից տեղափոխել են «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը հայտնել է, որ երեկ մահվան դեպք է գրանցվել. «Երեկ «Սևանի» ԲԿ-ում կնոջ մահվան դեպք է գրանցվել, կինը տեղափոխվել էր հիվանդանոց «Սևանի» հոգեբուժարանից»։
Հարցին՝ ո՞րն է եղել մահվան պատճառը, արդյոք ճի՞շտ է մեր այն տեղեկությունը, որ կնոջ մահվան պատճառը դեղորայքը կամ դրանց բացակայությունն է եղել՝ Էլիզբարյանը պատասխանել է. «Նախաքննությունը կպարզի մահվան պատճառը, ես մահվան պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մահը դեղերից չի եղել»։ Նա նաև նշել է, որ կինը մի շարք խնդիրներ է ունեցել՝ չմանրամասներով, թե խոսքն ինչի մասին է։
Կայքը փորձել է տեղեկությունը ճշտել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Կարապետյանից, ով նշել է, որ հոգեբուժարանում մահվան որևէ դեպք չի գրանցվել, սակայն այլ հարցերի հրաժարվել է պատասխանել՝ առաջարկելով դիմել Առողջապահության նախարարություն։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը կայքի հետ զրույցում ասել է, որ «Սևան»-ի հոգեբուժարանում մահվան դեպք չի գրանցվել, մահվան դեպք գրանցվել է «Սևան» ԲԿ-ում, սակայն չի կարող նույնացնել։
Ոստիկանությունից էլ ArmDaily.am-ին հայտնել են, որ երեկ «Սևանի» ԲԿ-ից քաղաքացու մահվան վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանության Սևանի բաժնում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին, որից հետո 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։
Ընտանիքի մյուս 5 երեխաները ևս տեղափոխվել էին Մուրացան հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել:
Երեխաների պապը օրեր առաջ տեղափոխվել է Արմենիա ԲԿ, որտեղ վերջինիս արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։ Սեպտեմբերի 8-ին, վերջինիս կինը՝ տիկին Էմման, հայտնել էր, որ ամուսնու մոտ շականակագեղձի քաղցկեղ է հայտանավերվել։
Հիշեցնենք, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։
0 Մեկնաբանություն