Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 18-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման, 2024 թվականի ծրագրերի հայտերի ներկայացման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության, տրամադրված օգնությունների և աշխատանքի ընդունման գործընթացի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, 1-ին եռամսյակի պլանային ցուցանիշների կատարման ընթացքի, աղբահանության, թափառող շների վնասազերծման միջոցառումների, գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ բուսաբուծության աջակցության պետական ծրագրի և գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքների մասին և այլ հարցեր:
Համայնքապետերը մանրամասն ներկայացրել են վերոնշյալ ուղղություններով համայնքներում տարվող աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի ղեկավարը համայնքապետերին հանձնարարել է չափազանց լուրջ հսկողություն սահմանել պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքների որակի նկատմամբ՝ կարևորելով դրանք հստակ ժամկետներում և որակով իրականացելու անհրաժեշտությունը:
Հանդիպման շրջանակում համայնքապետերը ներկայացրել են տեղեկատվություն իրենց համայնքներում հաստատված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության մասին:
Հիշեցնենք, որ ս/թ մարտի 13-ի դրությամբ Լոռու մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 6024 անձ (1625 ընտանիք): Մարզպետը հորդորել այդ ընտանիքների հետ համապատասխան իրավասու կառույցների մասնակցությամբ ամենօրյա աշխատանքներ տանել՝ նրանց ուղղված պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու համար և լիազորությունների շրջանակում օժանդակել օգտվելու այդ ծրագրերից:
Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին՝ Արամ Ղազարյանը հորդորել է հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի նկատմամբ ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ոլորտում առկա ցուցանիշները բարելավելու և բարձր արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Մարզպետը հանձնարարել է պատշաճ կազմակերպել աղբահանությունը համայնքներում և թափառող շների ստերջացման մրցույթները կազմակերպել պահանջվող նորմերին համապատասխան:
Քննարկվել են նաև գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրները: Մարզպետը կարևորել է գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ իրազեկումը և առավել շատ շահառուների ներգարվումը:
0 Մեկնաբանություն