ՄԱՐԶ

ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  Փետրվարի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Վարդանանց տոնը, որ հայտնի է նաև  որպես բարի գործի և ազգային տուրքի օր:

  Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Սուրբ Վարդան Զորավարի և հազար երեսունվեց վկաների հիշատակին նվիրված ուխտի Սուրբ Պատարագ մատուցվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ  մայր եկեղեցում: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

   Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Հովնան Սրբազանի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Գուգարաց թեմում սպասավորող բարեշնորհ Մարտուն և Գևորգ սարկավագները:

  Ձեռնադրության ընթացքում Հովնան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ աղոթքներից հետո Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր անուններ: Գևորգ սարկավագ Առաքելյանը վերակոչվեց Տեր Մասիս քահանա, Մարտուն սարկավագ Շահվերդյանը ՝ Տեր Արարատ քահանա:

  Այնուհետև ձեռնադրող Հովնան Սրբազանը իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով քահանայական ձեռնադրությանը՝ մասնավորաբար ասելով.

  «Առաքեա զհայրն իմ և Ես առաքեմ զձեզ, առե՛ք Սուրբ Հոգին», Իմ Հայրը Ինձ ուղարկեց, Ես էլ Ձեզ եմ ուղարկում, վերցրեք Սուրբ Հոգին:

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, ահավասիկ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերջին պատգամն է, վերջին կտակը, որ հայտնեց իր աշակերտներին, երբ վերջինս ցանկանում էր իր առաքյալներին ուղարկել աշխարհ: Իսկ ինչու՞ է ցանկանում իր առաքյալներին աշխարհ ուղարկել: «Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ մինչև Իր իսկ Միածին Որդուն տվեց, ով որ հավատա չկորչի այլ փրկվի, հավիտենական կյանք ունենա», ասում է Հովհաննու ավետարանի 3-րդ գլխում: Աստված այնքան սիրեց այս աշխարհը իր մեղքերով հանդերձ, մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց: Աստված սիրեց այս աշխարհը որովհետև այնտեղ էին բնակվում իր մեղավոր զավակները, իր անառակ զավակները, անդունդի եզրին կանգնած իր զավակները, շղթայված և կորսված իր զավակները: Աստված երկնքից նայեց և սիրեց այս աշխարհը, սիրեց նաև մեզ այս իսկ պատճառով իր միածին որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար:

Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, մենք գիտենք, որ այս փրկագործությունը մեկ մարդով չի կարող իր կատարումին հասնել, այդ իսկ պատճառով Տերն ընտրեց իր 12 աշակերտներին և  պատվիրեց իրենք էլ իրենց հերթին կատարեն այդ ձեռնադրության արարողությունները:  Եվ այսօր, մենք էլ մեր հերթին ունենալով այդ առաքելական շնորհը ձեռնադրեցինք 2 քահանաների և նրանց կոչեցինք և սիրով պիտի ուղարկենք աշխարհ»:

  Այնուհետև Սրբազան Հայրը դիմելով նորընծաներին ասաց. «Սիրելի՛ քահանա նորաօծ հայրեր, պետք է գնաք Գուգարաց թեմի շրջանները, Ձեզ շատ մեծ դժվարություններ են սպասվում: Դեռևս շատ շատերի համար Դուք պետք է լինեք տերտերներ: Իրատես լինելու համար պետք է ասենք, որ մեր ժողովուրդը եպիսկոպոսին դպիրից չի տարբերում, և պետք է անկեղծ լինենք և ասենք, որ դա իրենց մեղավորությունը չէ, պատմության, մեր ճակատագրի բերումով այդպես է ստացվել: Սակայն, Դուք պետք է այցելեք մեր հավատացյալների տները, պետք է իրենց հիշեցնեք և ասեք, որ Աստծո կողմից պատգամ ունեք իրենց փոխանցելու, պետք է հիշեցնեք, որ նրանք հոգևոր էակներ են, նաև պետք է հիշեցնեք, որ նրանք մահկանացուներ են և իրենց պետք է  ցույց տաք, որ իրենց հայրենիքը այստեղ չէ այլ երկնքում է: Եվ, այդ հայրենիք տանող ճանապարհը, դեպի եկեղեցի տանող ճանապարհը իրենց պետք է սովորեցնեք, որովհետև այդ եկեղեցու ճանապարհով է մարդ հասնում իր հոգևոր հայրենիքին: Պետք է մուտք գործեք իրենց տները, իրենց հետ սեղան նստեք, զրուցեք, որ երբ որ իրենց տնից դուրս գաք նրանք պետք է ասեն մեր հոգևոր հայրն է , մեր տեր հայրը:

Սիրելի՛ քահանա հայրեր, Դուք պետք է նրանց համար հայրեր լինեք, նրանց պետք է մխիթարեք, նրանց աչքերի արտասուքը պետք է մաքրեք, հիվանդի համար բժշկություն պիտի լինեք: Եվ այդ պարագային, երբ որ նրանցից հեռանաք նրանք ձեզ պիտի ասեն մեր հոգևոր հայրն է:

Շատ ծանր պարտականություն կա Ձեր ուսերին, բայց և միևնույն ժամանակ քաղցր պարտականություն, որովհետև Դուք ունեք փառավոր գործ, այն է դեպի երկնքի արքայություն առաջնորդել մեր ժողովրդին: Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին Աստծո որդուն պետք է ներկայացնեք այս երկրի վրա: Շնորհքը նման է սերմի, եթե այն ցանվի և խնամվի այն կմեծանա, Դուք ունեք առաքելական բոլոր շնորհները բացի ձեռնադրության արարողությունից և այսօր քահանայական աստիճան ունենալով Դուք ստացաք Աստծո կողմից ամենամեծ զորությունն ու շնորհները:

Այս պահին աղոթք ենք բարձրացնում և խնդրում Աստծուն, որպեսզի Սուրբ Խաչը հովանի լինի և պահապան լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքում և լինեք «մշակ առանց ամոթոյ»:

  Վերջում Սրբազան հայրն իր շնորահակալական և շնորհավորանքի խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչադասախոսական կազմին, Սրբոց Հակոբյանց Երուսաղեմի տեսչության ու դասախոսական կազմին, նորաօծ քահանաների ընտանիքներին, Գուգարաց թեմի հոգևոր դասին և հավատացյալներին:

                                                                                                       Դիվան Գուգարաց թեմի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *