ՄԱՐԶ

ՎԱՆԱՁՈՐ ԷԻՆ ԲԵՐՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱՆՁԵՐԻՑ՝ ՄԻՆԱՍԻ ԵՎ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻ ԱՆՄԱՀ ԿՏԱՎՆԵՐԸ

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկեց «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Վանաձոր էին բերվել ազգային պատկերասրահի լավագույն գանձերից Մինասի և Բաշինջաղյանի անմահ կտավները:  Աշակերտների համար յուրօրինակ դասը վարում էին թանգարանի մասնագետները:

Փոքրիկները, նկարներով հմայվելուն զուգահեռ, փորձում էին նկարել իրենց տպավորությունները և նույնիսկ տեղում որոշում ապագա մասնագիտությունը:

Ծրագրն իրականացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապերի ամրապնդմանը:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքների և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի և Չինարի գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ ծրագրում ընդգրկված 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործություններին: Տարբեր տարիքային՝ կրտսեր, միջին և ավագ խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները», «Ազգային էպոս», «Փորագրանկարչության գաղտնիքները», «Բեմանկարչության արվեստը», «Ծովի տարերքը»:

Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, ինչը, միանշանակ, կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *