Լոռու մարզկենտրոնում ստորագրահավաքին արդեն մասնակցել են մի քանի հազար քաղաքացիներ: Վանաձորի Արցախ պուրակում գործում է տեղեկատվական կետ, որտեղ մարդիկ մոտենում և ծանոթանում են Հայաքվեի գաղափարին, նպատակներին և ապագա գործողություններին, այսինքն, յուրաքանչյուր ոք իր համոզմունքներով և տեղեկացված միանում է ստորագրահավաքին:
Տեղեկատվական կետում հաճախ հյուրեր են լինում հանրապետության տարբեր վայրերից և Երևանից: Մեր նկարահանման օրը վանաձորցիները հյուրընկալել էին ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին, ով ներկայացրեց Հայաքվեին միանալու իր շարժառիթները և կոչով դիմեց բոլորին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։ Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։
0 Մեկնաբանություն