«Ֆուլ Տրաստ» ընկերությունը ստիպված կլինի տույժ, տուգանքներ վճարել պարտավորությունները չկատարելու համար։
Վանաձորում առաջին անգամ ճանապարհաշինական ընկերության հետ խզվել է պայմանագիրը՝ վատորակ և ժամկետանց աշխատանքի պատճառով։
Դեռ ամռանն ընկերությունն ավելի քան 40 տոկոսով ցածր գին էր առաջարկել և պետական ու համայնքային միջոցներով 99 միլիոն դրամի ասֆալտապատման իրավունք ստացել։ Բայց պարզվել էր, որ գինն էժանացրել է որակի հաշվին։ Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասաց՝ արդեն որոշում են կայացրել խզել նաև մոտ 60 միլիոն դրամի աշխատանքային պարտավորություն ստանձնած մեկ այլ՝ «Բիդեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը, որն աշխատանքը պետք է ավարտեր երեք օրից, բայց դրա չնչին տոկոսն է արված։
«Բացի այն, որ ժամկետանց ու անորակ աշխատանքների համար պետք է մուծեն տույժ, տուգանքներ, նաև վտանգված է նրանց կազմակերպության հեղինակությունը, որովհետև կարող են հայտնվել, այսպես ասած, սև ցուցակում», - նշեց Սուրեն Աբովյանը։
Պատվիրատուների սև ցուցակում հայտնվելու վտանգի առջև հայտնված «Ֆուլ Տրաստ» ընկերությունը նախատեսված 99 միլիոնի մեկ քառորդը՝ 25 միլիոն դրամը, արդեն ծախսել է։ Քաղաքապետարանից ևս 15 օր է խնդրել։ Գործընկեր կազմակերպության միջոցով երկու փողոցներն ամբողջովին քանդում են՝ կրկին ասֆալտապատելու համար։
«Ասֆալտը փշրվում դուրս է գալիս։ Դա անորակ ասֆալտից է։ Որ որակով լիներ, չէինք քադի», - ասացին բանվորները։
Մոտ մեկ ամիս առաջ արված ասֆալտն ընդամենը մեկ շաբաթ անց քանդվել էր։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի ուսումնասիրությունից հետո պատասխանատուներից պահանջել էր տասնօրյա ժամկետում վերացնել թերությունները։ Ընկերությունն ընդունել էր մեղքը, խոստացել շտկել անորակ ասֆալտը, բայց խոստումը չէր կատարել։ Դրանից հետո մարզպետը գրությամբ դիմել է Վանաձորի քաղաքապետին՝ առաջարկելով խզել խախտված պայմանագիրը։
Այսօր Վանաձորի վարորդների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ Անդրեյ Ղուկասյանը շեշտեց, որ ամռանն անցկացված մրցույթում ցածր գնով շահել է տեխնիկապես անպատրաստ մի կազմակերպություն, որը նախկինում անգամ ասֆալտապատման փորձ չի ունեցել։
«Դե ինչը որ դա տեղի ունեցավ, իհարկե, որակի առումով խայտառակություն է։ Դա անընդունելի է, պետք է խզվի պայմանագիրը։ Այդ ընկերությունը չունի ո՛չ համապատասխան տեխնիկա, ո՛չ մարդկային ռեսուրս, ո՛չ մասնագետ։ Իրենք ուզում են անեն, բայց իրենք հնարավորություն չունեն անելու։ Ուղղակի պատրաստ չէ այդ ընկերությունը։ Հավանաբար, առաջին անգամ ասֆալտապատման ծրագիր է շահել։ Իրենք չունեն այդ փորձը», - ընդգծեց Լոռու մարզպետը։
Նախկինում մշտապես անորակ ասֆալտապատման համար հասարակական կազմակերպությունների և բնակիչների քննադատությանն արժանացած համայնքապետարանում այսօր հայտարարում են, որ հետևողական են լինելու ճանապարհաշինության հարցում։ Քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասաց, որ անգամ «Ֆուլ Տրաստ» ընկերության կողմից քաղաքի մյուս հատվածներում իրականացրած աշխատանքն են կասկածի տակ առել և լաբորատոր փորձաքննության են ուղարկել ասֆալտի կտորները։ Եթե պարզվի, որ դրանք էլ խախտումներով են արվել, ընկերությունը դատարանի առաջ կկանգնի։
«Սա թող լինի նաև, էսպես ասեմ, զգուշացում մնացած շինարարական կազմակերպություններին, որ համայնքային բյուջեի գումարները երբեք չեն մսխվելու, միշտ մեր հսկողության տակ է, և ցանկացած անորոկ աշխատանք կամ շեղում նախագծից արդեն կունենա իր հետևանքները», - նշեց Սուրեն Աբովյանը։
Օրերս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թույլ չի տալու վատորակ շինարարական աշխատանք․ - «Մենք ցանկացած շինարարություն, անկախ պատվիրատուն ով է, դուք եք, պետական բյուջեով է, թե միայն ձեր միջոցներով է, եթե մարզի տարածքում է արվում, պետք է լինի անձամբ իմ վերահսկողության տակ։ Ոչ մի խախտում այստեղ չի լինելու»։
Մանրամասները՝ «Ազատություն ռադիոկայան»-ի տեսանյութում։
0 Մեկնաբանություն