ՄԱՐԶ

ՎՊՀ մագիստրոսական դիպլոմների հանձման արարողությունը՝ Սանահինի վանական համալիրում

   Հուլիսի14-ին Սանահինի վանական համալիրում արտասովոր եռուզեռ էր: Առիթը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2022-2023 ուստարվա մագիստրոսների ձեռնադրման արարողությունն էր:

Ամեն տարի այս միջոցառումը համալսարանը տոնել է յուրովի, բայց այս տարի ռեկտոր Ռուստամ Սահակյանի նախաձեռնությամբ որոշվել էր էլ ավելի հիշարժան դարձնել օրը և մագիստրոսների դիպլոմները հանձնել այս խորհրդանշական վայրում:

«Սիրելի՛ շրջանավարտներ, ավարտվեց ձեր ուսումնառությունը համալսարանում, բայց քանի որ սովորելը և ինքնակրթվելը ցկյանս գործընթաց է, ցանկանում եմ, որ այն գիտելիքների պաշարը, որով այսօր հեռանում եք համալսարանից, նոր հորիզոններ բացի ձեր կյանքում, նպաստի ձեր երազանքների իրականացմանն ու մասնագիտական կայուն զարգացմանը», -շնորհավորական իր ելույթում նշեց Ռուստամ Սահակյանը:

Միջոցառմանն իր օրհնության խոսքն էր բերել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ցերեկույթի պաշտոնական մասին հաջորդեց մագիստրոսական դիպլոմների հանձնման և մագիստրոսների ձեռնադրման արարողությունը: Միջոցառումը եզրափակվեց մագիստրոսների երդման արարողությամբ:

Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին համալսարանի հումանիտար, հասարակակագիտական և բնական գիտությունների ֆակուլտետների առկա ուսուցման, ինչպես նաև «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մասնագիտության հեռակա ուսուցման մագիստրոսները՝ թվով 41 շրջանավարտ:

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների անունից շնորհավորում ենք մեր բուհի մագիստրոսներին՝ մաղթելով բազում ձեռքբերումներ ոչ միայն գիտական աշխարհում, այլև՝ անձնական կյանքում:

Նյութը՝ ՎՊՀ կայքից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *