Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ԱՂԲԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԳԵՏԻ ՄԵՋ, Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ

 Ալավերդու, Ախթալայի և հարակից բնակավայրերի տարածքով հոսող Դեբեդ գետի խնդրի մասին բազմիցս են ահազանգել հասարակական կազմակերպությունները և  բնակիչները, սակայն այստեղ խնդիրը ոչ միայն պոչանքներն են ու ծանր մետաղները: Բանն այն է, որ գետակները, որոնք բնակավայրերի մոտով հոսելով հասնում են Դեբեդ գետին՝ իրենց հետ արդեն իսկ տանում են աղբակույտեր, պլաստիկե շշեր և պոլիէթիլենային տոպրակներ:

Դիցուք,  Լոռու մարզի տարածքով, 23 կմ երկարությամբ հոսող Տանձուտ, գետը։ Գետը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, հոսում ուղղորդող լանջերով, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքի արևելյան հատվածով։ Այստեղ  Տանձուտը միախառնվում է Վանաձոր գետին, որն էլ իր հերթին Փամբակ գետին, ապա՝ Դեբեդ գետ, Քուռ գետ, ու այսպես, արարչի ձեռամբ խառնվում աշխարհի ջրերին:

Ի տարբերություն փոքր համայնքների, Վանաձոր համայնքի ավագանին յուրաքանչյուր տարի գումար է հատկացնում գետերի հուների մաքրման նպատակով:

Յուրաքանչյուր տարի, համայնքի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը հանդես է գալիս հաշվետվությամբ, նշելով բյուջեով նախատեսված ծախսերի հասցեականությունը և կատարման ընթացքը: Օրինակ, 2018 թվականի հաշվետվության մեջ տեսնում ենք Բզովդալ, Փամբակ, Տանձուտ գետերի և Խաչի ձորից իջնող գետերի հուների մաքրման աշխատանքներ, որի արժեքը կազմել է 9 498 440 դրամ:  Այս գումարը հաճախ փոփոխվել է, 7,8 մլն դրամի շրջանակում:

Բանն այն է, որ այս բնակավայրերում մարդիկ չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է մարքվել գետի հունը, բայց քաղաքապետարանում մշտապես կազմվել են համապատասխան արձանագրություններ և կատարողական ակտեր, որոնք երկար ու ձիգ  ճանապարհ անցնելով վավերացվում են համայնքի ղեկավարի խորհրդականի կողմից: Էդուարդ Հունանյանը նոր է այս պաշտոնում, բայց գիտի ինչն-ինչոց է և ինքն էլ նախկինի պես միայն վավերացնողն է, չի տեսնում արած գործը, ասում է՝ համապատասխան բաժինն է հետևում աշխատանքներին, տվյալ բաժինն էլ պատասխանատու է:

Տվյալ բաժնի անունը՝ Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժին է, որի ներկայիս ղեկավար Բենիամին Նազարյանը փակ կառավարման կողմանկիցներից է, իր իսկ ղեկավարած բաժնի աշխատանքների մասին չի կարող հարցազրույց տալ: Ինչ խոսք, փակ կառավարումը Վանաձորի քաղաքապետարանում 2016-ից պատմություն է կերտում, իսկ ավանդույթները չեն խախտվում:

Պարոն Հունանյանը ի պատասխան թաղամասի բնակիչների բողոքների՝ ասում է, որ չի կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ, միաժամանակ նշում է, որ սեփական տների բնակիչներն են անխնա աղտոտում գետը:

Ավագանու նիստեր չեն լինում, ընդդիմությունը բոյկոտում է, համայնքը գործում է 2021 թվականի բյուջեով, բազում խնդիրներ են ի հայտ գալիս, որովհետև 21 թվականի բյուջեն միայն Վանաձոր համայնքինն էր, իսկ հիմա համայնքն աշխատում է՝ խոշորացված:

Մնում է հուսալ, որ Վանաձոր խոշորացված համայնքում կգործի վանաձորցու քվեն ստացած ավագանին և ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավարը, որպեսզի լուծվեն կոմունալ տնտեսությանը և շրջակա միջավայրին վերաբերող տասնամյակների պատմություն ունեցող խնդիրները:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *