Բովաձորցի Պայծառ Այվազյանի քաղաքացիական պահանջատիրությունը խոշորացված համայնքում ընկալվել է որպես "սև" ակտիվություն: Գյուղի զանազան խնդիրների՝ այդ թվում ՏԻՄ մակարդակում յուրայինների ու ոչ յուրայինների, կամայականությունների, ծանոթ-բարեկամ կոռուպցիոն դրսևորումների մասին Նարե Աթոյան իր գրական կեղծանունով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր թողել՝ ակնկալելով մարզային իշխանությունների ուշադրությունը: Արձագանքող այդպես էլ չի եղել: Ամեն օր ջրի ծորակին փաթաթված լաթի կտորը նստվածքով է գտնում: Չի ուզում խոսել հալածանքերից, որ եղել են իր ու հարազատների հանդեպ այս սեպտեմբերին, երբ բարձրաձայնել էր խմելու ջուր չունենալու խնդիրը: Տարիներ շարունակ 1 շնչի հաշվով 800 դրամ են վճարում ոչ թե խմելու, այլ ջրարբիացման ջրի դիմաց: Խոշորացված փնջի ղեկավար Արայիկ Ներսիսյանն ասում, էր որ արդեն 30 տարի ջրի խնդիրն այլընտրանքային լուծում չունի: Բնակիչները լսել են, որ մարզպետը գյուղապետերի հետ ժողով է արել ու կարգադրել բարելավել հարկերի հավաքման գործը: Հարկ եղած դեպքում՝ անգամ դատի տալ: Բոլորն էլ կուտակած պարտքեր ունեն, որ աշխատանք ու այլ զբաղվածություն չունենալու պայմաններում, դժվարանում են վճարել: Չունեն մանկապարտեզ: Բացառապես բարերարների օգնությամբ գյուղապետարանի ներսում Պայծառ Այվազյանը կահավորել է "Փափլիկստան" խաղասենյակը, որ գյուղի մանկահասակ երեխաները գոնե խաղալու տեղ ունենան, որովհետև գյուղում զարգացման ու կրթական կառույցներ չկան: Փնջի ղեկավար Արայիկ Ներսիսյանն ասում, է որ Բովաձորում նախադպրոցական տարիքի 3-4 երեխա կա: Մանկապարտեզն առաջնահերթություն չէ, պետք չէ տուրք տալ մեկի քմահաճույքին: Դրա փոխարեն, գյուղտեխնիկա են ձեռք բերել: Դժգոհելու փոխարեն, թող իրենց հողերը մշակելու մասին մտածեն: Ջրից հետո, գյուղի ցավոտ խնդիրը տրանսպորտն է: Օրական 1 երթ, այն էլ առավոտյան ու վերջ: Այդքանով ավարտվում է գյուղացու երթևեկը: Ստիպված են օգտվել տաքսիներից՝ 1000 դրամով: Տաքսիներն էլ են սկսել են դժկամությամբ գալ՝ ճանապահն է վատը: Գյուղում չկա մշակութային օջախ, երեխաներին Ստեփանավան տարբեր խմբակների ուղարկելն էլ ծնողների վրա թանկ է նստում՝ շաբաթական 5000 դրամ: "Մեզնից միայն հավաքում են, թե ինչի՞ վրա են ծախսվելու մեր հարկերը՝ չգիտենք",- տարակուսած ասում են բնակիչները: Բովաձորում կյանքը դժվար է, երիտասարդները լքում են գյուղը, որովհետև առաջընթաց չեն տեսնում: Սահակ Մելիքջանյանի որդիներն էլ են պատրաստվում առաջիկայում մեկնել արտագնա աշխատանքի: Սահակը կոռուպցիոն երևույթների շատ է հանդիպել, բայց չի բողոքել, որովհետև բողոքելու տեղ չկա: 20 աշակերտով Բովաձորի դպրոցի տնօրենը ջրի պատճառով հրաժարվել է տարրական օղակին տրամադրվող ՄԱԿ պարենի ծրագրից: Թեմայի շուրջ զրուցել տնօրենը հրաժարվեց: "Ինձ հրահանգված է ջրի թեմայով ոչինչ չասել": Դպրոցը կարող եք նկարել՝ ինձ ոչ: Հետաքրքրվեցինք՝ ո՞վ է հրահանգել, ի՞նչ հիմնավորմամբ, միթե՞ դպրոցում իրավիճակ չի փոխվել: Պարզվեց՝ տնօրենը տեսախցիկի հետ այնքան էլ հաշտ հարաբերությունների մեջ չէ, «չեմ սիրում տեսանկարահանվել, հետո էլ թե՝ սափրված չեմ»: Բացատրեցինք պարոն տնօրենին՝ քանի դեռ պետական պաշտոնյայի աթոռին է, տեղեկություն տրամադրելը չպետք է շփոթի քմահաճության հետ ու լքեցինք դպրոցի տարածքը:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն