«Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» ծրագրի ստեղծագործական խումբը Բովաձորում եղել էր ամիսներ առաջ՝ գյուղի բնակիչ Պայծառ Այվազյանի քաղաքացիական պահանջատիրության հետքերով: Հիշեցնենք՝ Պայծառը համարձակվել էր բարձրաձայնել խմելու ջուր չունենալու մասին, ինչը խոշորացված Լոռի Բերդ համայնքի ղեկավարի կողմից որակվել էր որպես սև ակտիվություն: Պայծառի ընտանիքի անդամների ու գյուղի այլ համարձակների հանդեպ սկսվել էին հալածանքներ: Ինչպես պարզվում է Բովաձոր մեր այցելությունից հետո մինչ օրս հալածանքները շարունակվում են՝ անցնելով էթիկայի բոլոր սահմանները: Պայծառի մոր՝ Ֆլորա Ջիլավյանի խոսքով՝ դրանք սկսվել մինչ խոշորացումը, երբ առաջարկել են ավագանու անդամ ընտրել Մելանյա Վարդանյանին, ով Մելիքսեթյանի հովանավորյալն է: Տիկին Ֆլորան էլ ընդդիմացել է: Նախկին իշխանությունների օրոք անպատժելիության ու հովանավորչության սովոր գյուղի ղեկավարությունը, մասնավորապես՝ Բովաձորի նախկին գյուղապետ Էդուարդ Մելիքսեթյանն ամեն ինչ անում է՝ Բովաձորն իր ազդեցության տակ պահելու համար: Այս անգամ Բովաձոր մեր այցելության առիթը Պայծառ Այվազյանի կողմից Էդուարդ Մելիքսեթյանի թույլ տված չարաշահումներն են, որոնք վերաբերվում են գյուղի գրադարանին: Պայծառի տրամադրության տակ են հայտնվել արխիվային փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 1996-20008 թվականներին Էդուարդ Մելիքսեթյանի կինը՝ Գալինա Մելիքսեթյանն աշխատել է գոյություն չունեցող գրադարանում՝ սկզբում որպես վարիչ, ապա 1-ին կարգի մասնագետ, վճարվել, անգամ արձակուրդ գնացել ու արձակուրդային ստացել: Այս մասին Պայծառը դարձյալ գրառում էր թողել ֆեյսբուք սոցցանցում՝ ակնկալելով պատկան մարմինների արձագանքը: Արձագանք չի եղել: Գալինա Մելքիսեթյանից բացի, Էդուարդ Մելիքսեթյանի շռայլություններից օգտվել ու չաշխատող աշխատողի կարգավիճակում են եղել Մելիքսեթյանի հարևանուհի Լաուրա Ղազարյանն ու կթվորուհի Տանյա Ավդոյանը՝ աշխատավարձ ստանալով հավաքարար չաշխատելու համար: Ուշագրավն այն է, որ այս բացահայտումից հետո Պայծառը փորձել է Լաուրա Ղազարյանից և Տանյա Ավդոյանից ճշտել՝ իսկապե՞ս աշխատել են գյուղապետարանի ենթակայությամբ գործող գրադարանում, թե՞ ոչ: Իբրև ապացույց հեռախոսով ձայնագրել է նրանց հետ ունեցած զրույցը: Ղազարյանի խոսքով, իր ներկա վիճակը թույլ չի տալիս հիշելու անգամ երեկված կերածը, ուր մնաց հիշեր տարիներ առաջվա փաստը: Տանյա Ավդոյանը հստակ պնդում է՝ չեմ աշխատել ու ոչնչի տակ չեմ ստորագրել:
Գյուղում վախի մթնոլորտ է տիրում: Ոչ ոք նախկին գյուղապետի հետ հարաբերություններ վատացնել չի ցանկանում: Պայծառն արդեն կասկածներ ունի, որ, հավանաբար, Մելիքսեթյանը հովանավորներ ունի նաև նոր իշխանության շարքերում:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն