Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Եթե ճանապարհը չնորոգվի, կառավարությունը թող մեզնից ամեն ինչ սպասի»:Կաթնառատ_Մեղվահովիտ (տեսանյութ)

Ընդառաջ գնալով 4 գյուղերի բնակիչների խնդրանքին՝ «Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» ծրագրի ստեղծագործական խումբը Տաշիր խոշորացված համայնքում էր: Անլուծելի թվացող խնդիրների թնջուկն ու դրանցում ամենացավոտ՝ քարուքանդ ճանապարհների հարցը 4 գյուղերի խաչմերուկ էին բերել Բլագոդարնոյե, Կաթնառատ, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղերի բնակիչներին: Այսպես ապրել այլևս հնարավոր չէ, անտեսված պետության ու կառավարության կողմից, առանց նվազագույն կենսապայմանների, որքա՞ն կարող է նոր իշխանությունը մարդկանց պահել գյուղում: Ռոմիկ Հակոբյանի խոսքով մեքենաների համար հարկեր են ուզում, իսկ ո՞վ է պատասխան տալու վատ ճանապարհի պատճառով վնասված մեքենան նորոգելու համար, ո՞վ է հատուցելու մեր ծախսերը: Ամեն անգամ Տաշիր գնալ-գալը թանկ է նստում մարդկանց գրպանի վրա, չհաշված դժբախտ դեպքերը: Շուրջ 1 ամիս առաջ Մեղվահովիտ գյուղի բնակիչները նամակ են գրել վարչապետ Փաշինյանին՝ գյուղի խնդիրների ու առաջնահերթ՝ ճանապարհի վիճակի մասին: Ստացել լղոզված ու ոչինչ չասող պատասխան, չկա հստակություն, թե ի վերջո՝ ե՞րբ կառավարությունը կհիշի իրենց: 40 ամյա Հովհաննես Հախումյանն ասում է, որ գյուղերում մարդկային արժանավայել պայմանների բացակայությունն արդեն կասկածի տակ է դնում իրենց գոյության իմաստն ընդհանրապես:Հովհաննես Մղդեսյանի խոսքով տարիներ առաջ կիլոմետրերով խողովակներ էին տանում գյուղից անհայտ ուղղությամբ: Հետո իմացանք, որ մեր ջրի խողովակներն են, ինչ իմանայինք, որ հետո խնդիրների առաջ ենք կանգնելու: Օրեր առաջ Տաշիր են գնացել՝ համայնքի ղեկավար Էդգար Արշակյանին ներկայացնելու ստրատեգիական նշանակության ճանապարհի Տաշիր –Բլագոդարնոյե 11 կիլոմետրանոց հատվածի անմխիթար վիճակը՝ ակնկալելով համայնքի ղեկավարից որևէ հուսադրող պատասխան: Էդգար Արշակյանը վստահեցրել էր թե Երևանում այդ հարցով համապատասխան կառույցների հետ է բանակցելու: Թե հատկապես ո՞ր կառույցի, Արշակյանը չէր մանրամասնել: Գյուղերի բնակիչների խոսքով, համայնքի ղեկավարից տեղեկացել են, որ ճանապարհի վերանորոգումը նախատեսված է 2020-ին: Թեմայի շուրջ ավելի մանրամասն պարզաբանումների նպատակով հեռախոսազրույց ունեցանք Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հետ: Վերջինիս նյարդայնացրեց, թե ինչու՞ ենք հետաքրքրվում, թե հատկապես ո՞ր կառույցի հետ է բանակցել՝ ճանապարհի հարցով: Պարզվեց՝Արշակյանը խոսել է մարզպետի հետ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից տեղեկացանք, որ հանրապետական նշանակության ճանապարհի նորոգումը, նախատեսված է 2020-ին՝ ամենայն հավանականությամբ՝ամռանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Վստահ, որ կառավարության անդամները չեն գալու իրենց գյուղերը, ավելին՝ չգիտեն նաև գյուղերի տեղը, Բլագոդարնոյե, Կաթնառատ, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղերի բնակիչներն ասում են, որ հաջորդ անգամ, Տաշիր քաղաքապետարանի դիմաց հավաքվելու փոխարեն հավաքվելու են կառավարութ- յան շենքի դիմաց՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար՝ առավել ևս եթե ճանապարհի նորոգման խոստումը չիրագործվի:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *