83 ամյա Գոհար տատը Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում է ապրում: Դառն ու դժնդակ ճակատագրի պատառիկներով է կիսվում, ափսոսում, որ տարիներ առաջ կրակի ճարակ դարձած տանը չի մոխրացել: Լավ պաշտոններ է ունեցել Գոհար Հարությունյանը, 50 տարվա մանկավարժական ստաժ՝ որից 30-ը Շիրակամուտի դպրոցին է նվիրել: Երևանում լավ աշխատանքը թողել, մոր խնդրանքով վերադարձել է գյուղ ու այսօր միայնակ է ապրում: Քրոջ ընտանիքն է օգնում, հասնում՝ երբ կարիք կա: Գյուղի ու տնակներում ապրող համագյուղացիների դարդ ու ցավն իրենն է համարում: «Գյուղի խանութից ապառիկով ուտելիք եմ վերցնում, թոշակ նպաստին տալիս»-ամաչելով ասում է վաստակաշատ մանկավարժը: Լոռու մարզի Շիրակամուտ գյուղը 1800 բնակիչ ունի, ժամանակին արդյունաբերական գյուղ է եղել: Այժմ մարդկանց մտահոգության թիվ 1 թեման գյուղի նոսրացող բնակչությունն է ու գյուղամիջյան վատ ճանապարհները: Աշխատանք չլինելու պատճառով շատերն են ընտանիքներով լքել գյուղը: Շուրջ 40 %-ով նվազել է բնակչությունը, բոլորը դրսում են բարեկեցություն փնտրում: «Խմելու ջրագծերի սպասարկումն է ամենացավոտը: Այս հարցում համայնքը միայնակ է»,- ասում է գյուղապետ Աշոտ Երանոսյանը: Գյուղում ոչ ավանդական կուլտուրաների մշակության ու տուրիզմի զարգացման հեռանկար է տեսնում գյուղապետը: Աղետի հետևանքով բնակարան կորցրած 10 շահառուների բնակարանային հարցը մինչև 2020 թվականը լուծում կստանա: Գյուղապետին 15 մլնդրամի հասնող կուտակված ապառքների խնդիրն է մտահոգում, որ ժառանգություն է ստացել իր նախորդից: Դատական կարգով վերադարձն այնքան էլ իրատեսական չէ: Պարտքեր ունեցողների մեծ մասն արտերկրում են, իսկ դատական պրոցեսն ինքնին ծախսեր է ենթադրում: Խնդրի հստակ լուծումն առայժմ չի տեսնում, բայց առաջարկներ ունի: Առաջիկա խոշորացման հեռանկարով առանձնապես ոգևորված չէ Երանոսյանը՝ թեև Շիրակամուտը Կաթնաջուր, Գեղասար, Գոգարան, Սարահարթ գյուղերի կենտրոնն է լինելու: Առաջադրվելու մասին դեռ վաղ է խոսելը: Առայժմ ոչ լավն է լսել խոշորացման մասին, ոչ վատը: Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն են, և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն