Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը չեխական «Արնիկա» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ նմուշառումներ են իրականացնում Լոռու մարզի Ախթալա և Ալավերդի բնակավայրերում: Գործընթացում ներգրավված են նաև Պրահայի քիմիական ինստիտուտի մասնագետները: Նմուշներ են վերցրել 10 ընտանիքների այգիների միրգ-բանջարեղենից, հողից ու մարդկանց մազերից։ Պետք է հասկանանք պատճառահետևանքային կապը, արդյո՞ք շրջակա միջավայրի աղտոտվածությունն ազդե՞լ է գյուղմթերքի վրա և որքանով է այն սննդի միջոցով փոխանցվե՞լ մարդու օրգանիզմին»,-ասում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Տարիներ շարունակ բարձրաձայնել են տարածաշրջանում օդի աղտոտվածության մասին, որի պատճառով Ալավերդու տարածաշրջանում չարորակ նորագոյացություններն ու մահացություններր մեծ տոկոս են կազմում: 2019-ին Ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ հրապարակեց, որոնցից առանձնակի մտահոգության տեղիք տվեցին մահացությունների բարձր ցուցանիշները Լոռու մարզում: Եթե 2018-ին Լոռու մարզում մահերի թիվն 90-ով էր ավելի էր ծնունդների թվից, 2019-ին՝ 121-ով, և սա միայն առաջին եռամսյակի տվյալով: Ելնելով այս անհանգստացնող ցուցանիշներից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը սոցապնախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է «ՀՀ-ում ժողովրդագրական իրադրության վարչա-տարածքային առանձնահատկությունները» խորագրով հետազոտությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժինը, հղում անելով վերոհիշյալ հետազոտությանը՝ փոխանցում է, որ Լոռու մարզում ևս մահվան հիմնական 2 պատճառները լինելով նույնը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և նորագոյացությունները, բացարձակ մեծությամբ նշանակալիորեն ավելի բարձր սահմանանիշներ ունեն՝ համապատասխանաբար 32-38%-ով և 32-94%-ով: Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտական կենտրոնի գիտնականները 2017-18 թթ -ին հայտնաբերել են, որ կենսաբանական շրջապտույտի մեջ հայտնված ծանր մետաղները հողից թափանցել են սնման շղթա։ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ Ալավերդու հանքարդյունաբերական համալիրի ազդեցության ներքո աճեցված պտուղ-բանջարեղենի մեջ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցել են հիմնականում նիկելը, կապարը, ցինկը և կադմիումը։ Ուսումնասիրված մթերքների կոմբինացված օգտագործման դեպքում առողջական ռիսկ է պարունակում ցինկ-սնդիկ-նիկել-պղինձ միկրոէլեմենտների հերթագայությունը։ Ալավերդու որոշ տարածքներում հայտնաբերվել են նաև սնդիկի քանակություններ։ Ծանր մետաղներով աղտոտված են եղել հատապտուղները։ Որոշ մթերքներ պարունակել են բոլոր մետաղներն, ինչը քիչ հանդիպող պրակտիկա է ողջ աշխարհում։ Մասնագետների պնդմամբ՝ ծանր մետաղները քաղցկեղածին ու տոքսիկ են։ Ունեն երկարատև ազդեցություն, կուտակվում են և կարող են ի հայտ գալ հաջորդ սերունդների մոտ: Հիմնականում ազդում են վերարտադրողական համակարգերի վրա: Կան մետաղներ էլ՝ ցինկը, պղինձը, մկնդեղն ու կապարը, որոնց գումարային ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ավելի ուժեղ է։ և դրանք ունեն կրկնակի քաղցկեղածին ազդեցություն։ Ըստ մասնագետների՝ մարդու արյան, մեզի, ոսկորների, մազերի, մայրական կաթի, ատամների մեջ ծանր մետաղների պարունակությամբ կարելի է որոշել աղտոտման ծանրաբեռնվածությունն օրգանիզմի վրա։ Եթե պարունակությունների ցուցիչները 1-ից բարձր են, պետք է ձեռնարկել անհապաղ միջոցառումներ: Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության առաջին կարգի վտանգավորության նյութերի ցանկում այն ծանր մետաղներն ու նյութերն են, որոնց քաղցկեղածին հատկություններն արդեն ապացուցված են։ Այդ ցանկից Ալավերդի և Ախթալա քաղաքների հողում և սննդային շղթայում հայտնաբերվել են մկնդեղի, կադմիումի, նիկելի և քրոմի թույլատրելի կոնցենտրացիայից բարձր քանակներ։
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն