2019_ի ողջ հունիսը աղետալի էր Լոռու մարզի Ջրաշեն գյուղի համար: Սելավից 1 ամիս անց էլ՝ խոնավության տհաճ հոտն ու հետևանքները զգացնել են տալիս: Հունիսի 4-ի կարկուտից դեպի Երևան ճանապարհահատվածին մոտիկ գյուղի հողատարածքներն են տուժել, հունիսի 11-ի ու 28-ի հորդառատ ջրհեղեղներից մեծ վնասներ են կրել բնակիչների թե գույքը, թե ցանքատարածությունները: Ավերվել են նաև գյուղամիջյան ճանապարհները: Համայնքի միջոցներով մի անգամ բացել են այն, բայց հունիսի վերջին սելավը նորից անանցանելի է դարձրել այն: Նման սելավ գյուղում տարիներ առաջ էր եղել, բայց այս տարվանն աղետալի էր,-հիշում է Գայանե Առաքելյանը: Այն ժամանակ ջուրը գոմի միջով այգի էր լցվել, այս անգամվա ավերածություններն ու վնասները անհամեմատելի են: Ամեն ինչ ջրի մեջ են գտել, անգամ պոմպի շարժիչը: ֆինանսական հաշվարկ չի արել, բայց կորցրած պաշարը զգալի է: Մեզ տեսնելով՝ մի խումբ ջրաշենցիներ մոտենում են: Առաջարկում նկարահանել անանցանելի դարձած ճանապարհը՝ հույսով, որ իշխանավորներն էլ կտեսնեն ու կարձագանքեն: Եկել՝ վնասի չափեր են ճշտել մարզպետարանից, կստանա՞ն արդյոք կրած վնասների փոխհատուցում, չգիտեն ու առանձնապես հույսեր չեն փայփայում: Սուրիկ Ուռուսյանը սելավի առաջացրած ձորակն է մատնացույց անում, որտեղ նաև անասուններ են ընկել: Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանի խոսքով մեծ վնասներ են կրել հատկապես կարտոֆիլի, կաղամբի, գարու ու ցորենի ցանքատարածությունները: Խոսքը 30-40 մլն դրամի մասին է: Սեփական ուժերով հատուցել չեն կարող: 80 մլն դրամ բյուջե ունեն, որից շուրջ 70 մլն-ը պետական դոտացիա: Վնասի չափերի մասին տեղյակ են պահել կառավարությանը: Սպասում են արձագանքի: Ուռուսյանից հետաքրքրվեցինք իր հետ կապված քրեական գործի ընթացքից: Գյուղապետն այսօր էլ իրականությանը չհամապատասխանող զրպարտանք է որակում համագյուղացիների բոլոր մեղադրանքները և շարունակում աշխատել կնոջից ամսական 60.000 դրամով վարձակալած գյուղապետարանի շենքում, որ աճուրդի միակ մասնակից լինելով Ուռուսյանի կինն էր ձեռք բերել՝ 800. 000 դրամով: Ամեն ինչ օրինական է:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն